Ռադիոլաբ

Երևանում կայացավ դրոն ռեյսինգի առաջին ընկերական մրցույթը․ Ռադիոլաբ

Լսե՞լ եք դրոն ռեյսինգի մասին: Դա կվադրոկոպտերների մրցաշար է, որի ժամանակ մասնակիցները հատուկ հեռակառավարման վահանակով փորձում են բոլորից արագ անցնել սահմանված դաշտով ու չընկնել: Դրոնների մրցույթը բավականին տարածված ու հետաքրքիր սպորտաձև է դարձել ամբողջ աշխարհում: Տարբեր տարիքի մարդիկ՝ դրոնների սիրահարներ, տարված են այս գործով և ուժերն են փորձում մրցույթների ժամանակ:

Երևանում օրերս անցկացվեց «Tiny Whoop»-երի՝ ձեռքի ափի մեջ տեղավորվող դրոնների մրցույթը, որի նպատակն էր՝ ձևավորել սպորտային միջավայր: Սա առաջին մրցույթն էր Հայաստանում, ուստի ինձ էլ հետաքրքրեց և որոշեցի այցելել ու տեղում ծանոթանալ ընթացքին: Առաջարկում եմ միասին տեղափոխվել Երևանի Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց:

Մրցույթի համանախաձեռնող, «Արմաթն օդում» աշխատանոցի խմբավար Հայկ Կարապետյանի խոսքով, սկզբում մտածում էին, թե հազիվ 4 հոգի կմասնակցի մրցույթին, սակայն ի զարմանս իրենց, ցանկացողների թիվը գնալով ավելացավ ու մրցույթի մեկնարկից առաջ դահլիճում արդեն 15 գրանցված խաղացող կար:

Մասնակիցների թվում տեսա շատ ռուսների, ընդ որում տարբեր տարիքի: Դմիտրի Լազարևին քաջալերելու էին եկել կինն ու երկու փոքրիկները: Նրա մրցակիցները ոչ միայն դրոն ռեյսինգի միջազգային չեմպիոններն են, այլ նաև «Արմաթն օդում» աշխատանոցի պատանի սաները:

13 ամյա Սեդրակ Խաչատրյանը տարիքով ամենափոքր մասնակիցն է: Ասում է իր ավագ ու փորձառու մրցակիցների հետ պայքարի դուրս գալուց չի վախենում:

Ըստ Հայկ Կարապետյանի, չնայած առաջին մրցույթն ընկերական է ու  մեծամասշտաբ չէ, բայց ակնկալիքներն են մեծ:

Իսկ արդյունքները հետևյալն էին: Առաջին հորիզոնականում հայտնվեց Միխայիլ Տուրիցինը՝ 22 միավորով, 2-րդ հորիզոնականում Գեորգին էր՝ 20 միավորով: 3-րդ հորիզանականը 15 միավորով զբաղեցրեց 17 ամյա Դավիթ Բեգյանը:

Հետաքրքիր էր հետևել այս ամենին։ Ընթացքում թռիչքներին մասնակցելու ցանկություն էր առաջանում։      Մտահոգվում էի այս կամ այն դրոնի անհաջողության դեպքում կամ էլ հակառակը՝ ուրախանում, երբ փոքրիկ կվադրոկոպտերը սահուն անցնում էր խոչընդոտների միջով: Կարծում եմ լավ սկիզբ էր այս սպորտաձևի համար և հույս հայտնում, որ այսուհետ Հայաստանում ավելի հաճախ կանցկացվեն դրոն ռեյսինգի մրցումներ, ավելի մեծ տարածքներում ու ավելի շատ մասնակիցներով:

Ցուցադրել ավելի
Back to top button