Ռադիոլաբ

Գիտության շարժիչ ուժը՝ մեքենաշինության, տվյալագիտության ու արհեստական բանականության կիրառմամբ

Մարտի 1-ին տեղի ունեցավ «Գիտության շարժիչ ուժը» խորագրով միջոցառումների շարքի հերթական հանդիպումը: Այն՝ այս անգամ նվիրված էր գիտական հետազոտություններին, որոնք կատարվում են տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության գործիքակազմերի կիրառմամամբ։

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի գիտական ծրագրի համակարգող Տիգրան Հարությունյանը նշում է, որ միջոցառման նպատակներից մեկն էլ այն է, որ տարբեր հետազոտողներ ծանոթանան միմյանց աշխատանքներին։ Օրվա ընթացքում ՝ ազատ շփման ձևաչափով, մասնակիցները կարող են նոր առաջարկություններով հանդես գալ, միմյանց ներկայացնել իրենց գաղափարները:

Սա «Գիտության շարժիչ ուժը» խորագրով միջոցառումների շարքի 3-րդ հանդիպումն էր: Նախորդ երկուսը տեղի էին ունեցել դեկտեմբերին: Ողջույնի խոսքով հանդես եկան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի նորարարության և համագործակցությունների մենեջեր Օֆելյա Սարգսյանը:

Պանելային քննարկմանը մասնակցում էին «Ասպիրանտների աջակցության» ծրագրի տարբեր տարիների շահառուներ՝ Սիրաս Հակոբյանը, Էլիզա Գյուլգյուլյանը, Հայկ Գասպարյանը և հատուկ հյուր՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման» ծրագրի շահառու, դոկտոր Արսեն Առաքելյանը:

Ինչպե՞ս առաջացավ արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման գործիքների կիրառման անհրաժեշտությունը գիտական հետազոտություններում: Հենց այս հարցադրմամբ սկսվեց պանելային քննարկումը:

  • Իսկ կարելի՞ է մեքենայական ուսուցումն ու արհեստական բանականությունը համարել առանձին գիտության ճյուղեր:
  • Ո՞ր խնդիրներն են խոչընդոտ դարձել արհեստական բանականության արագ տեմպերով զարգացմանը։
  • Որքանո՞վ են այս ոլորտները զարգացած մեր երկրում:

Պանելային քննարկման մասնակիցները ներկայացան նաև թեմատիկ ելույթներով: «Զգայական ընկալման գենետիկական փոփոխականության տվյալահենք հետազոտություն» թեմայով ելույթով ունեցավ դոկտոր Արսեն Առաքելյանը: Սիրաս Հակոբյանը ներկայացրեց «Գիտելիքահենք չափողականության փոքրացումը կենսաբանական հետազոտություններում»: Էլիզա Գյուլգյուլյանի ելույթը «Մեծ տվյալների որակի համար նախատեսված ահազանգման համակարգ»-ի մասին էր: Հայկ Գասպարյանն էլ խոսեց հիպերսպեկտրալ պատկերների մշակման մեջ արհեստական բանականության դերի մասին:

Հետևե՛ք «Գիտության շարժիչ ուժը» խորագրով միջոցառումների շարքին ու մասնակցեք նոր հանդիպումներին: Վստահ եմ՝ շատ հետաքրքիր ինֆորմացիա կստանաք:

Ցուցադրել ավելի
Back to top button