Լուրեր

Երևանը հիշում է Պետոյին

Մարտի 21–ին Երևանի պատմության թանգարանում կբացվի «19–րդ դարի թանգարանային կահույքը տիկնիկային պատմություններով» ցուցահանդեսը։

196 տիկնիկ և այդքան էլ տիկնիկային պատմություն անսովոր միջավայրում սպասում են իրենց այցելուներին։

Այդ տիկնիկային պատմություններից մեկն էլ Պետո անունով տիկնիկի պատմությունն է։

Պատմում է Երևանի պատմության թանգարանի էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինա Խաչմանուկյանը։

Մ․ Խաչմանուկյան — Պետո տիկնիկը վերջերս է ծնունդ առել։

5 տարի առաջ, օրերից մի օր, Երևանի հնաբնակ մի տիկնոջից նամակ եմ ստանում, որում տիկինը պատմում է իր մանկական հիշողություններից մեկը։ Պատմությունն այն մասին էր, որ երբ ինքը փոքր էր, իրենց բակ էր գալիս Պետո անունով մի մարդ, որը հայտնի էր Երևանում նրանով, որ ուներ 2 խամաճիկ և շարմանկա/փոքրիկ երգեհոն/ նվագարանը։ Հենց Պետոն հայտնվում էր բակում կամ փողոցում, բոլորն իրար ձայն էին տալիս․

– Պետո՜ն, Պետոն էկե՜լ ա․․․

Մեծ ու փոքր թափվում էին բակ, շրջապատում էին Պետոյին, նստում ու սպասում, որ ահա, կսկսվի ներկայացումը։ Ստացվում է, որ Պետոն Երևանի առաջին շրջիկ տիկնիկավար–տիկնիկագործն է եղել։ Պետոն միշտ երազել է ելույթ ունենալ բեմում, բայց, ցավոք սրտի, իր երազանքը չի կատարվել, որովհետև իր մահից հետո, տարիներ անց է միայն բացվել տիկնիկային թատրոնը։ Այդ տիկինն ինձ նամակի վերջում խնդրում էր․ «Մի բան արեք, մի ճար արեք, որ Պետոյի մասին հուշերը չփոշիանան, մնան, մարդիկ հիշեն»։

Կինը նաև մանրամասն նկարագրել էր Պետոյի արտաքինը․ ի՞նչ տեսք ուներ, մազերի երկարությունը։ Այդ նամակը ես ուղարկեցի իմ լավ բարեկամ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանին, որն ապրում է Վրաստանում, և Արմենը, համաձայն այդ նկարագրության, պատրաստեց Պետոյին։ Այսօր Պետոն այստեղ է գտնվում, և ես շատ ուրախ եմ, որ նրան հնարավորություն ենք տվել վերածնվելու։

Տեսեք, մենք Երևանում ունենք Կարաբալայի արձանը, և բոլորը գիտեն Կարաբալայի պատմությունը։ Ինքը սովորական մի մարդ էր, բայց դարձել է քաղաքի հուշերից մեկը, իսկ քաղաքը հետաքրքիր է ոչ միայն իր ճարտարապետական կոթողներով, հուշարձաններով, այլև այն մարդկանցով, որոնք համն ու հոտն են քաղաքի»։

Ցուցադրել ավելի
Back to top button