Ռադիոլաբ

Անվճար դասընթացներ Ինժեներական քաղաքում․ Ռադիոլաբ

Արդեն 21 տարի գործող «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նպաստավոր միջավայր է ստեղծում  Հայաստանում նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման եւ ընկերությունների ընդլայնման համար:

Այժմ Ինժեներական քաղաքում իրականացվում է «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրը, որն էլ ներառում է տարբեր անվճար դասընթացներ։ Դրանք են՝ «ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումներ»(վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 2), «Ռադիոհաճախային համակարգեր» (վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 2), «Ինքնագնաց ավտոմեքենաների հիմունքներ» (վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 19) և «Էլեկտրական և ինքնավար մեքենաներ.  ավտոմեքենաշինության զարգացման հեռանկարները» (վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 9)։

«Մենք նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողքին ենք ու հատկապես կարևորում ենք իրենց ներգրավվածությունը ՁԻՀ-ի կողմից իրականացվող դասընթացներին և բնականաբար, առաջնայնությունը նաև տալու ենք հենց հայրենակիցներին, որոնք տեղահանված են և այսօր գտնվում են Հայաստանի Հանրապետությունում »- նշում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրի ղեկավար Մարինա Մինասյանը։

Մարինա Մինասյանի խոսքով, յուրաքանչյուր դասընթացին նախատեսվում է 10-ից 15 մասնակից, սակայն հաշվի առնելով դիմողների քանակն ու ցուցաբերած հետաքրքրությունը, ծրագիրը կլինի շարունակական։ Դասերն անցկացվելու են Ինժեներական քաղաքում, շաբաթական 3 օր և կախված կոնկրետ թեմայից տևելու են մեկ ու կեսից 2 ժամ։ Լինելու են նաև պրակտիկ դասեր։

Դասընթացներին գրանցվելու համար պետք է այցելել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջ։

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, համագործակցությամբ՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների։

Ցուցադրել ավելի
Back to top button