Զարթուցիչ

Հեշտ ու առույգ արթնանալու ուղեցույց. Զարթուցիչ

Աշնանային արձակուրդից հետո այսօր շուտ արթնանալու առաջին օրն է։ Հույս ունենք, որ քնած չեք մնացել։

Իսկ եթե դժվարությամբ եք արթնացել, խորհուրդ ենք տալիս լսել մեր հաղորդումը, քանի որ ծանոթանալու ենք այն պարզ քայլերին, որոնց օգնությամբ կարթնանանք հեշտ ու արագ, բարձր տրամադրությամբ։

Կազմակերպվածությունը հաջողության բանալիներից է։ Եթե նկատում եք, որ առավոտյան հագուստի ու անհրաժեշտ պարագաների ընտրության վրա շատ ժամանակ եք ծախսում, ապա՝ նախապես առանձնացրեք հաջորդ օրվա հագուստը և դասավորեք պայուսակը։

Հոգեբանների շրջանում կա տարածված կարծիք, ըստ որի՝ առավոտյան որոշումներ կայացնելը պետք է հասցնել նվազագույնի, քանի որ այն մեզնից շատ էներգիա է խլում։

Քնի ռեժիմը ևս կարևոր է։ Չէ՞ որ այն ապահովում է հաջորդ օրվա մեր արդյունավետ աշխատելու չափը։ Ցանկալի է քնել 22։00-ին կամ 23։00-ին, քանի որ հենց այս ժամերին է, որ օրգանիզմում նվազում է սթրեսի հորմոնի մակարդակը, իսկ քնի հորմոնի մակարդակը, ընդհակառակը՝ աճում է։

Գրեթե բոլորն այսօր ունեն սմարթֆոն, ինչը հնարավորություն է տալիս կարգավորումները փոփոխելու։ Ուրեմն՝ ինչո՞ւ զարթուցիչի ձայնը չդարձնել ավելի սիրելի։ Զարթուցիչի զանգի փոխարեն կարող ենք դնել սիրելի երգը՝ դրական էմոցիաներով զարթնելու համար։

Սենյակային լուսավորությունը մեր ուղեղի վրա մեծ ազդեցություն է թողնում։ Սա նշանակում է, որ արթնանալուն պես պետք է միացնենք լույսը՝ անկախ նրանից սենյակը բավականաչափ լուսավոր է, թե ոչ։ Մի քանի րոպե անց կնկատենք, որ քնկոտությունն անհետանում է։

Իհարկե կատարյալ կլիներ, եթե հասցնեինք մի երկու ֆիզիկական վարժություն կատարել, բայց մենք ռեալիստներ ենք ու գիտենք, որ ոչ բոլորս ենք ընդունակ նման սխրանքի, ուստի՝ կարող ենք բավարարվել պարզապես պատին հրումներով․ այդպիսով արյան շրջանառությունը կլավանա, մկանները կհավատան, որ մենք լրջորեն մարզվում ենք, դե իսկ օրգանիզմը սովորականից շուտ կառույգանա։

Մի հուշում էլ․ Կարող եք  ձեր օրն սկսել նաև ռադիո Արևիկի ,,Մարզանք ողջ օրվա համար,,  ծրագրով, որն ամեն օր, 7-ն անց 10-ից բոլորիդ հրավիրում է կարճ մարզանքի։

Որքան էլ սկզբում բարդ ու անսովոր թվա, բայց կարևոր է հասցնել ու նախաճաշելը։ Այն ևս պետք է դառնա առաջնահերթություն։ Այդպես մեզ ավելի լավ կզգանք ոչ միայն առավոտյան, այլև՝ կեսօրին։ Առավոտյան կերած սնունդն ավելի լավ է ներծծվում։

Ի վերջո՝ եթե մոռանանք նախաճաշել, ապա՝ ճաշի ժամանակ հակված կլինենք ավելի շատ ուտել։ Եվ հացադուլից վախեցած մարմինը կսկսի «պահեստում» սննդանյութեր կուտակել։

Ի՞նչ գիտենք կենտրոնացման մասին։ Դե ինչպես կազմակերպվածությունը, այնպես էլ կենտրոնացումը հաջողության հասնելու բանալիներից ևս մեկն է։

Հաջողության մասին կա մի զվարճալի պատմություն։ Մի անգամ Բիլ Գեյթսին և նրա հորը հարցնում են, թե ո՞րն է հաջողության ամենակարևոր բաղադրիչը։ Երկուսն էլ միաձայն պատասխանում են՝ «Կենտրոնացումը»։ Ընդ որում՝ հարցն անակնկալ էր, և նրանք նախապես չէին պատրաստվել։

Մենք՝ բոլորս, երբեմն շեղվում ենք՝ ստուգելով տարբեր հավելվածներից և սոցիալական ցանցերից ստացվող ծանուցումները։ Այս ամենը թույլ չի տալիս կենտրոնանալ առաջնահերթությունների վրա։ Այսպիսով, երբեմն պետք է մի կողմ դնել սմարթֆոնը, կամ գոնե այն դնել անձայն ռեժիմի վրա և ամբողջությամբ ընկղմվել աշխատանքի մեջ: 

Ցուցադրել ավելի
Back to top button