Զարթուցիչ

Նոր տարվա խորհրդանիշ ծառը՝ տարբեր երկրներում․ Զարթուցիչ

Մոտենում է ուսումնական առաջին կիսամյակի ավարտը։ Եվ, ինչպես ամեն տարի այս ժամանակ, դպրոցում սովորականից մի քիչ ավելի լարված է անցնում մեր օրը․ կիսամյակի ավարտը պատասխանատու շրջան է։ Բայց․․․ դուրս ենք գալիս դպրոցից և, չնայած գրավոր վերջին աշխատանքի արդյունքը դեռ մեր մտքում է, մեկ էլ տարօրինակ, հրաշալի ինչ-որ մի բանի զգացողություն է հայտնվում չգիտես որտեղից․․․

Իհարկե, առաջին պահին՝ չգիտես որտեղից, իսկ հետո պարզից էլ պարզ է դառնում, որ այդ զգացողությունը  գալիս է մոտակա խանութի ցուցափեղկում շողշողացող տոնածառից, փողոցների օրեցօր ավելացող ամանորյա զարդարանքներից ու լույսերից և սովորական առօրյայի մեջ Նոր տարվա մոտենալու մասին փոքրիկ հիշեցումներից․․․

«Ի՜նչ սիրուն լույս է, այսպիսին կարելի է օգտագործել ձեր հյուրասենյակում»,– ասում է այդ հիշեցումներից մեկը։ «Տոնածառ զարդարելու ի՜նչ հետաքրքիր մտահղացում է․ կարող ես փորձել»,–ասում է մյուսը։

Եվ հենց այդ ժամանակ, չնայած գրավոր աշխատանքի գնահատականից տրամադրությունդ մի քիչ ընկել է, անսովոր ու հրաշալի զգացողությունը հայտնվում է։ Այդպիսին է Նոր տարին և նրա հետ կապված ամեն ինչը՝ սպասումից սկսած մինչև զարդ, զարդարանք, տոնածառ։

Եվ տոնածառ զարդարելն էլ, իհարկե, Նոր տարվա ամենասիրուն արարողությունն է։

Եվ, մինչև կմտածենք՝ ինչպես, ինչ մտահղացումով ենք սովորականից տարբեր դարձնելու մեր տոնածառը, տան ամանորյա զարդարանքը, եկեք լսենք այս զրույցը, որը մեկ էլ տեսար՝ միտք հուշեց։

Ամեն երկիր ու ժողովուրդ Նոր տարին նշելու իր ավանդույթներն ունի և Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան իր խորհրդանիշ ծառը կամ բույսը։ Մշտադալար եղևնին դրանցից ամենահայտնին է, բայց՝ ոչ միակը։

Մեծ Բրիտանիայում եղևնուց բացի Սուրբ Ծննդյան ավանդական բույս է համարվում սղոցին։ Այսպես է կոչվում մշտադալար, փայլուն կարմիր պտուղներ և փայլուն կանաչ տերևներ ունեցող այս թուփը, որը պատկանում է փշարմավազգիների ընտանիքին։

Հնագույն ժամանակներում կելտական ժողովուրդների համար այն խորհրդանշում էր արևը, և հին կելտերը, արևին սպասելով,  ձմռան մռայլ ամիսներին զարդարում էին իրենց կացարանները սղոցիի ճյուղերով։ Ի դեպ, սղոցիի մասին տեղեկություններ փնտրելով փոքրիկ մի բացահայտում արեցինք․ պարզվում է, որ բոլորիս շատ հայտնի «հոլիվուդ» բառը թարգմանվում է․․․ սղոցիի անտառ։

Ամանորի և Սուրբ Ծննդյան մեկ ուրիշ շատ հայտնի բույս էլ կա, որը վերջին տարիներին նաև մեզ մոտ՝ Հայաստանում է հենց այդ նշանակությամբ՝ որպես նոր տարվա խորհրդանիշ, օգտագործվում։ Պուանսետիա․ սա բույսի առավել հայտնի անվանումն է, բայց այն նաև անվանում են Բեթղեհեմի աստղ։ Շատ երկրներում այս բույսով ոչ միայն զարդարում են տները, այլև նվիրում միմյանց՝ որպես  սուրբծննդյան լավագույն նվեր։

Ֆրանսիացիների համար սուրբծննդյան սիրելի բույս է օմելան՝ մղամուրճը, որի ճյուղով զարդարում են իրենց տների մուտքի դռները։

Իսկ ավստրալացիները, չնայած շատ սիրում են եղևնի կամ սոճու ճյուղեր զարդարել, բայց քանի որ դրանք պետք է բերվեն այլ երկրներից, հաճախ գերադասում են զարդարել իրենց տները մետրոսիդերոս կոչվող բույսով, որը վառ կարմիր ծաղիկներ ունի։

Հայաստանում հնագույն ժամանակներից սկսած Նոր տարվա խորհրդանիշը Կաղանդի ծառն է եղել․ ծիրանենու, խնկենու կամ այլ ծառերի ճյուղերը՝ զարդարված չոր մրգերով, ընդեղենով, ընկույզներով։

Հենց այդպիսի մի ծառ եկեք զարդարենք միասին՝ մեր հաջորդ հանդիպման ժամանակ․ համաձա՞յն եք․․․

Ցուցադրել ավելի
Back to top button