Զարթուցիչ

Շնորհակալություն, որ լսում եք մեզ․ Զարթուցիչ

Այսօր Շնորհակալության միջազգային օրն է, այնպես որ՝ կարող եք շռայլորեն բաժանել ձեր շնորհակալությունը և՛ ձեր ընտանիքի անդամներին, և՛ ընկերներին, և՛․․․դե, դուք որոշեք՝ թե է՛լ ում։ Շռայլորեն, բայց ոչ հենց այնպես, այլ՝ սրտանց։

Իրականում բոլորս էլ օգտագործում ենք այս բառը, երբեմն, ինչպես ասում են, ձեռքի հետ, սովորության բերումով, երբեմն՝ սրտի խորքից։ Եվ, իհարկե, ճիշտ ենք անում, որովհետև նախ՝ երախտագետ լինելը մարդու լավագույն հատկություններից մեկն է, և երկրորդ, ինչպես վստահ են հոգեբանները, շնորհակալության խոսքերը շոյում են մարդկանց հոգին, ջերմացնում և մեղմացնում անգամ ամենախստասիրտներին։

Այս երկուշաբթիից սկսվեց ուսումնական երկրորդ կիսամյակը, և մենք կրկին հայտնվեցինք  դպրոցական կյանքի շրջապտույտի մեջ՝ դպրոց, դասեր, տնայինններ, խմբակներ։ Բայց գրասեղանի անկյունում անցած արձակուրդի մասին հիշեցնող մի բան կա, որն ստիպում է դասերը շուտ ավարտել, որպեսզի երեկոյան անպայման իրեն անդրադառնալու ժամանակ ունենանք։ Արձակուրդի օրերին սկսած գիրքն է, որը դեռ չենք ավարտել, բայց շատ հետաքրքիր է, և անպայման պետք է կարդալ։

«Ինձ այդպես ամեն երեկո իր հետ առանձնանալու է կանչում Ջոն Թոլքիենի «Հոբբիթ կամ գնալն ու գալը» վեպը, որը շատ հետաքրքիր է, և որի հետ կապված, ավելի ճիշտ, որի հերոսների հետ կապված փոքրիկ մի բացահայտում արեցի օրերս։ Եվ այսպես՝ «Փոքրիկ բացահայտումներ»՝ այս անգամ գրքերի աշխարհում։

Ջոն Թոլքիենի անունը, վստահ եմ, ծանոթ է ձեզ։ Նա ստեղծագործել է ֆենթեզի ժանրում և ընթերցող լայն հանրությանը հայտնի է որպես «Հոբբիթ կամ գնալն ու գալը» վեպի և «Մատանիների տիրակալը» եռագրության հեղինակ։ Թոլքիենի այս վեպերի կերպարներն անսովոր են․ անսովոր արտաքինով, անուններով, տեսակով։

Դե, օրինակ, ովքե՞ր են հոբբիթները, և ի՞նչ է նշանակում այս անսովոր բառը։ Շատերն այս բառի կազմությունը այսպես են վերլուծում՝ լատիներեն ho(mo)՝ մարդ և անգլերեն (ra)bbit՝ ճագար բառերի վանկերի միացումից ստացված բառ է։ Համաձայնեք, որ միանգամայն հնարավոր բացատրություն է։

«Հոբբիթ» վեպի թզուկների անունները Թոլքիենը վերցրել է սկանդինավյան առասպելներից և պատմությունից հայտնի աստվածների և հերոսների մասին հինիսլանդական երգերի ժողովածուից։ Օրինակ՝ Բիֆուր, Բոֆուր, Բոմբուր, Դվալի, Նորի։ Գենդոլֆ կախարդի անունն էլ այնտեղից է։

Ուշագրավ է Գենդոլֆ կախարդի կերպարի ստեղծման պատմությունը։

Շվեյցարիայով ճանապարհորդության ժամանակ, երբ դեռ երիտասարդ էր, Թոլքիենը մի բացիկ գնեց, որի վրա կար Ջոզեֆ Մադլեների «Լեռնային ոգի» նկարի վերատպությունը։ Դրա վրա պատկերված է ծերունի՝ բաց դեմքով և ճերմակ մորուքով, որին վստահորեն մոտենում է սպիտակ եղջերուն։

Մի քանի տարի անց Թոլքիենը բացիկի վրա գրեց․ «Գենդոլֆի ծագումը»։ Հենց այդպիսին տեսավ նա իր վեպերի գլխավոր կերպարներից մեկին։ Եթե համացանցում գտնեք Մադլեների այս նկարը, անպայման կհիշեք «Հոբբիթ» վեպի սկիզբը․․․»

Ցուցադրել ավելի
Back to top button