Զարթուցիչ

Ի՞նչ հմտություններ է զարգացնում կամավորությունը. Զարթուցիչ

Երբևէ մասնակցե՞լ եք կամավորական ծրագրերի։ Եթե այո, ուրեմն՝ այս հաղորդումը ձեզ շատ հարազատ կլինի, իսկ եթե նման հնարավորություն դեռ չեք ունեցել, ապա՝ հրավիրում ենք ձեր ուշադրությունը, քանի որ խոսելու ենք կամավորության մասին ու պարզելու ենք, թե  ի՞նչ առավելություններ ունի այն և ի՞նչ է սովորեցնում երիտասարդներին։

Դե կամավորության մասին շատերս ենք լսում, երբեմն՝ մտածում ենք դիմել-չդիմելու մասին, բայց որոշ դեպքերում այդպես էլ չենք կարողանում մասնակցել։ Պատճառները կարող են տարբեր լինել, իսկ երբեմն էլ՝ հիմնական պատճառը կամավորության թեմայի ոչ լիարժեք ընկալումն է։

Կամավորությունը նախ ասոցացվում է բարի գործերի ու սրտացավ մարդկանց հետ։ Բայց իրականում, մասնակցելով կամավորական ծրագրերի, մենք օգնում ենք նաև ինքներս մեզ։

Այսպիսով, բարի գործեր անելուց զատ՝ կարող ենք առանձնացնել նաև վճռականության ամրապնդումը։ Մենք մեր առաջ նպատակ ենք դնում՝ օգնել մարդկանց կամ կատարել մեզ հանձնարարված առաջադրանքը ու հասնում ենք դրան։ Իսկ մարդկանց օգնելու ու նրանց կյանքում որևէ դրական ազդեցություն թողնելու միտքը, արդեն իսկ բարելավում է մեր ինքնագնահատականը։

Հաջորդ առավելությունը պետք կգա հատկապես նրանց, ովքեր հաճախ են սթրեսի ենթարկվում։ Կամավորական ծրագրերի մասնակցելով՝ կարող ենք նվազեցնել սթրեսը, քանի որ, երբ օգնում ենք դիմացինին, մեր օրգանիզմում արտազատվում են ուրախության հորմոններ, որոնք էլ սթրեսին ստիպում են մի կողմ քաշվել։

Ի դեպ՝ սոցիալական կապերը ու այլ երիտասարդների հետ շփումները ևս օգնում են նվազեցնել սթրեսային կամ անհանգիստ զգացողությունները։

Այսպիսով, հաջորդ օգտակար հատկությունը, որը բնորոշ է կամավորությամբ զբաղվող երիտասարդներին, ֆիզիկական առողջությունն է։ Պարզվում է, որ հուզական բարելավումից զատ՝ կամավորությունը դրական է ազդում նաև ֆիզիկական առողջության վրա։

Դե, ինչպես ասում են, շարժումը կյանք է։ Կամավորական շատ ծրագրեր, օգնություն տրամադրելուց և բարի գործեր անելուց զատ, ներառում են նաև ֆիզիկական ակտիվություն։ Օրինակ՝ կամավորական խմբերով կանաչապատված տարածքների մաքրումը ու աղբի հեռացումը։ Ստացվում է, որ կամավորը հաճախ շարժման մեջ է և պահպանում է ֆիզիկական պատրաստվածությունը:

Չենք կարող չխոսել այն հմտությունների մասին, որոնք զարգացնում ենք կամավորական ծրագրերի մասնակցելով։ Օրինակ՝ կարող ենք առանձնացնել առաջնորդությունը, հաղորդակցությունը, խնդիրների լուծումը ու թիմային աշխատանքը։

Ընդհանուր առմամբ՝ կամավորությունը նպաստում է անձնական աճին և ինքնաբացահայտմանը, ինչպես նաև՝ օգնում է դուրս գալ հարմարավետության գոտուց, խնդիրներ ստեղծելու փոխարեն՝՝՝ լուծել դրանք և, իհարկե, ձեռք բերել նոր փորձ:

Տարբեր նախագծեր օգնում են ձեռք բերել սոցիալական կապեր, ծանոթություններ և, իհարկե, ընկերներ։ Եվ եթե երբեմն միայնության զգացում եք ունենում, ուրեմն՝ կամավորական ծրագրերին դիմելու ժամանակն է։

Ցուցադրել ավելի
Back to top button