Զարթուցիչ

Օրը կանչում է խարույկի վրայով թռչելու. Զարթուցիչ

Իսկ դուք գիտեի՞ք, որ եթե ռադիոն չլիներ, չէր լինի նաև Փարիզի հայտնի խորհրդանիշը՝ Էյֆելյան աշտարակը։ Բանն այն է, որ Էյֆելյան աշտարակը կառուցվել էր համաշխարհային ցուցահանդեսի համար, բայց հետո իշխանությունները որոշեցին այն քանդել։

Աշտարակը փրկվեց միայն այն բանից հետո, երբ որոշվեց, որ դրա գագաթը կարող են արդյունավետորեն օգտագործվել ռադիոազդանշաններ ստանալու համար:

Այսօր փետրվարի 13-ն է․ աշխարհում նշվում է Ռադիոյի համաշխարհային օրը, դե իսկ Հայաստանում՝ Տյառնընդառաջը:

Այսպիսով, Ռադիոյի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ փետրվարի 13-ին՝ սկսած 2012 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի որոշմամբ։ 2013 թվականի հունվարին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան պաշտոնապես հաստատեց այդ օրվա հռչակումը։

Այս ամսաթիվը պատահական չի ընտրվել. 1946 թվականի փետրվարի 13-ին առաջին անգամ եթեր դուրս եկավ ՄԱԿ-ի ռադիոն, որի կայանը գտնվում էր հենց կենտրոնակայանում։

Այն, իհարկե, ոչ միայն ծառայում է որպես հաղորդակցության միջոց, այլև՝ խթան է տեղեկատվության հասանելիությունն ավելացնելու և եթերում խոսքի ազատության ու այլ արժեքների հավասարության համար: Այս և այլ հիմնարար արժեքների շնորհիվ՝ անգամ թվային դարաշրջանում, ռադիոն շարունակում է մնալ կապի և հաղորդակցության հիմնական միջոցը։ Չէ՞ որ ռադիոն հասնում է անգամ ամենահեռավոր համայնքներին։

Ի դեպ՝ Ռադիոյի համաշխարհային օրվանից բացի, ապրիլի 18-ին էլ նշվում է Ռադիոսիրողների համաշխարհային օրը: 1925 թվականի ապրիլի 18-ին Փարիզում ստեղծվել է Միջազգային ռադիոսիրողական միությունը, որի նախաձեռնությամբ էլ ստեղծվել է տոնը:

Այսքանը Ռադիոյի համաշխարհային օրվա մասին, իսկ այժմ խոսենք Հայաստանում այսօր նշվող տոնի՝ Տրնդեզի մասին։

Տյառնընդառաջ կամ Տրնդեզ։ Ինչպես գիտենք, Տյառնընդառաջ նշանակում է՝ ելնել Տիրոջն ընդառաջ, իսկ Տրնդեզ՝ Տերն ընդ ձեզ։

Հատկապես երիտասարդների ու նորապսակների շրջանում՝ տոնը հետաքրքրական է նրանով, որ պետք է զույգերով թռչեն խարույկի վրայով։

Ավանդազրույցներում ասվում է , որ եթե սիրահարները խարույկի վրայով թռչելիս կարողանան ձեռքերը ամուր բռնած պահել, ապա՝ նրանց սերը հավերժ կլինի։ Ի դեպ՝ հնում խարույկը վառել են հիմնականում ցորենի հասկերից:  

Մարդիկ հավատացել են, որ խարույկի ծխի ուղղությամբ կարող են գուշակել՝ արդյո՞ք տարին բերքառատ կլինի: Օրինակ՝ եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, նշանակել է, որ առատ բերք է լինելու, իսկ եթե հյուսիս կամ արևմուտք` կանխագուշակել են երաշտ: Հետաքրքիրն այն է, որ ծխի ուղղությամբ նաև փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Ահա այսպիսի սիրուն ու առեղծվածային տոն, որն այսօր մեզ կանչում է խարույկի վրա թռչելու: 

Ցուցադրել ավելի
Back to top button