Լուրեր

«Ֆիլատելիայի արքայադուստր»․ բոլոր ֆիլատելիստների երազանքի առարկան

1856 թվականի այս օրը՝ ապրիլի 4-ին, Բրիտանական Գվիանայում տպագրվեց մեկ ցենտ անվանական արժեքով մի նամականիշ, որը տարիներ անց աշխարհում հայտնի էր դառնալու «Ֆիլատելիայի արքայադուստր» ոչ պաշտոնական անվանումով և դառնալու էր բոլոր ֆիլատելիստների երազանքի առարկան։

1873 թվականին 12-ամյա շոտլանդացի Վերնոն Վոգենն ընտանեկան արխիվում շատ նամակներ գտավ, որոնք ծրարների մեջ էին, ծրաների վրա էլ, բնական է, նամականիշեր էին փակցված։ Բոլոր նամակներն ուղարկված էին Բրիտանական Գվիանայից։ Ծրարներից մեկի վրա տղան տեսավ ոչ շատ հետաքրքիր վարդագույն մի նամականիշ՝ մեկ ցենտ անվանական արժեքով։

Տղան նամականիշերի փոքրիկ հավաքածու ուներ։ Ծրարների վրա փակցված այլ նամականիշերի հետ այս մեկն էլ հայտնվեց նրա հավաքածուի մեջ և այնտեղ մնաց մեկ տարուց մի քիչ ավելի։

Մի օր Վերնոնը մտավ ֆիլատելիստական մի խանութ, և պարզեց, որ իր ցանկացած նոր նմուշները գնելու համար մոտը եղած գումարը բավական չէ։ Նա որոշեց վաճառել իր ունեցածներից մի քանիսը։ Եվ քանի որ վարդագույն նամականիշն ամենևին իրեն դուր չէր գալիս, այն 6 շիլինգով վաճառեց հայտնի ֆիլատելիստ Նեյլ Մաքքինենին։ Վերջինս շուտով որոշեց այլևս չզբաղվել ֆիլատելիայով և վաճառեց իր հավաքածուն։ Որոշ ժամանակ անց հավաքածուն հայտնվեց մեկ այլ հավաքորդի մոտ, որը միանգամիաց հասկացավ, որ այս աննկատ վարդագույն նամականիշը սովորական չէ։

Բազմաթիվ հարցումներով նա պարզեց, որ նման այլ նմուշ աշխարհում գոյություն չունի և որ ինքը հազվագյուտ նմուշի միակ տերն է։ Եվ սկսվեց նամականիշի համար վճարվող գնի վերընթացը։ 150 ֆունտ, ապա՝ 36000 դոլար, տարիներ անց՝ 40000 դոլար։ Վարդագույն նամականիշն աստիճանաբար դարձավ աշխարհում ամենահայտնին, դարձավ բոլոր հավաքորդների երազանքի առարկան, արժանացավ  «ֆիլատելիայի արքայադուստր» կոչմանը, որի համար վճարված առայժմ վերջին գինը 8 միլիոն 300 հազար դոլարն է։

Ցուցադրել ավելի
Back to top button