Մեկնարկ

Երբ ուսուցիչն ու աշակերտը գտնում են իրար. Մեկնարկ

Ապրիլի 13-ին ԵՊՀ-ում կայացավ «Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2024»-ի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին նաև այսօրվա մեր հյուրերը՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռուբինա Հարությունյանը, նույն դպրոցի տասներորդցիներ Նատալի Համամջյանը, Մարի Ղազարյանը և Հովհաննես Զոհրաբյանը։

Փառատոնում ներկայացված ութսուն հետազոտական նախագծերի մեջ էր նաև մեր հյուրերի ներկայացրած նախագիծը, որը կոչվում է «Միջնախասրտային միջնապատի արատի շտկման ինովացիոն սարք» և որը «Կենսաբանություն» անվանակարգում արժանացավ առաջին կարգի մրցանակի։

Ի դեպ, Ռուբինա Հարությունյանի ղեկավարությամբ աշխատած մյուս թիմը, որի կազմում էին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տասներկուերորդցիներ Լենա Մանուկյանն ու Մարիամ Դոխոյանը, ներկայացրել էր նախագիծ, որը կոչվում էր «Մելատոնինի և լիպոյաթթվի ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա»։ Այս նախագիծը,  ինչպես նաև Վանաձորի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի «Խիտոզան՝ ապագայի պոլիմեր» և Երևանի «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի «Ծանր մետաղները ջրում» նախագծերը երաշխավորվել են սեպտեմբերի 9-14-ը Լեհաստանում կայանալիք The European Union (EU) Contest for Young Scientists (EUCYS) միջազգային գիտության փառատոնին մասնակցելու համար։

Հարց — Տիկի՛ն Հարությունյան, ինչպե՞ս եք ընտրում թիմերը, որոնց հետ աշխատում եք։ Դու՞ք եք ընտրում իրենց, թե՞ իրենք են ձեզ ընտրում։

Ռ․ Հարությունյան — Շատ հետաքրքիր է այդ պահը, մի տեսակ՝ անկանխատեսելի։ Իհարկե,  միշտ նպատակ ունենում եմ աշխատելու հետաքրքիր, վառվռուն աչքերով և խոր ներաշխարհ ունեցող աշակերտների հետ։ Դա ինձ ոգևորում է։ Մի տեսակ երևի ի վերուստ տրված հնարավորություն է, որ մենք կարողանում ենք իրար գտնել։

Դժվար է առաջին պահը նկարագրել՝ ով է ում գտնում, բայց այդ պահը շատ հետաքրքիր է ստացվում։

Կարող է՝ աշակերտները մոտենան ու ասեն, որ ուզում են հետազոտական աշխատանք կատարել, կարող է՝ ես հայտարարեմ դասարանում, որ կան այսպիսի մրցույթներ, փառատոներ, եթե կուզենաք, միտք կունենաք մասնակցելու, կարող եք դիմել ինձ։ Եվ այդպես ստացվում է մեր համագործակցությունը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button