Լուրեր

Շախմատի մրցումներով մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը, որոնց շրջանակում երկու փուլով, ընդհանուր առմամբ, 11 մարզաձևի 14 առաջնություն է անցկացվում:

ՀՀ ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլի շրջանակում արդեն իսկ անցկացվել են շախմատի, բազկամարտի և հրաձգության առաջնությունները: Մեկնարկել է նաև «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը:

Շախմատի առաջնությունն անցկացվել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան դահլիճում: Առաջնությանը մասնակցել է 12 բուհի շուրջ 100 ուսանող:

Արագ շախմատի աղջիկների թիմային պայքարում հաղթող են ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, երկրորդ տեղը զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը: Տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, երկրորդ տեղում Երևանի պետական համալսարանի ուսանողներն են, իսկ երրորդ տեղում՝ Երևանի պետական բժշկական համալսարանի թիմը:

Հատկանշական է, որ մրցանակային տեղեր զբաղեցրած և բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներով համալրված թիմերը, ինչպես նաև ՀՊՏՀ տղաների և ՀՖԿՍՊԻ աղջիկների թիմերը հնարավորություն կստանան մասնակցելու համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի հովանու ներքո սեպտեմբերի 16-20-ը Երևանում կայանալիք շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը:

Բազկամարտի առաջնությունն անցկացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում. մասնակցել է 10 բուհի շուրջ 90 ուսանող: Խաղարկվել է մեդալների 18 հավաքածու:

ԵՊՀ հրաձգարանում էլ կայացել է հրաձգության առաջնությունը, որին 10 բուհի շուրջ 80 ուսանող է մասնակցել: Աղջիկների պայքարում հաղթող են ճանաչվել ԵՊՀ-ի, իսկ տղաների պայքարում՝ ՀՖԿՍՊԻ-ի թիմերը:

ՀՀ մարզական ուսանողական խաղերի գարնանային և աշնանային փուլերի շրջանակում, ընդհանուր առմամբ, անցկացվում են նաև 3X3 բասկետբոլի, սեղանի թենիսի, լողափնյա վոլեյբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման, բադմինթոնի և այլ մարզաձևերի առաջնություններ:

Ցուցադրել ավելի
Back to top button