Լուրեր

Հայաստանի ազգային պատկերասրահը չորս տարվա վերափոխումից հետո այցելուների առաջ դռները բացեց նոր հայեցակարգով

Հայաստանի ազգային պատկերասրահն ապրիլի 15-ին պաշտոնապես վերաբացվեց բոլորովին նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով, նոր հնարավորություններով: Գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ-կիրառական արվեստի ութ հարկ՝ չորս տարվա վերափոխումից հետո:

2021 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահում սկսվել են վերանորոգման աշխատանքները: Փոխվել ու արդիականացվել են օդափոխության, ջերմախոնավային համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ: Վերանորոգման և արդիականացման աշխատանքներ են իրականացվել մի շարք մասնաճյուղերում։ Ժամանակակից լուծումներով վերաձևավորվել են ցուցասրահները:

Հայաստանի ազգային պատկերասրահը բացում է ֆոնդապահոցները

Մշտական ցուցասրահներ են վերադարձել ոչ միայն մեծանուն վարպետների գլուխգործոցները, այլև պահոցներից ցուցասրահներ են հասել երբևէ չցուցադրված կարևոր նմուշներ: Ավելի քան 41.000 արվեստի ստեղծագործություն և 200.000-ից ավելի արխիվային բացառիկ նյութեր ընդգրկող թանգարանային հավաքածուից այսօր հնարավոր է ցուցադրել միայն 5%-ը` պատկերասրահի ցուցադրատարածքի սահմանափակ լինելու պատճառով: Պատկերասրահի նոր՝ շարժական-մոբիլ ցուցադրության մոդելի շնորհիվ, սակայն, այցելուները պարբերաբար կտեսնեն նախկինում չցուցադրված, այդ թվում՝ մշտական ցուցադրությունում երբևէ չընդգրկված գրաֆիկական թերթեր և հազվագյուտ գանձեր պահոցից։

Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացված մշտական ցուցադրության տասնյակ սրահներում ներկայացված են հայկական կերպարվեստի ականավոր գործիչների` Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և մյուսների գործերը։

Ցուցադրված են նաև իտալական վերածննդի և բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Գարոֆալոյի, Բեռնարդո Ստրոցցիի, Գվերչինոյի և մյուսների, բարբիզոնյան դպրոցի հայտնի արվեստագետներ Թեոդոր Ռուսոյի, Դիաս դե լա Պենյայի, ռեալիզմի ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի, ռուսական ավանգարդի վարպետներ Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Ռոբերտ Ֆալկի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական գործերը, գլուխգործոց քանդակաները, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ (բացառիկ կահույք, սպասք, զարդեղեն, զենք)։

Կամուրջ ժամանակի և արվեստների միջև

Վերաբացման տոնական արարողության ընթացքում ներկայացվել է արվեստի տարբեր ձևերի միաձուլումը։ Հայաստանի ազգային պատկերասրահի տարբեր հարկերում ժամանակակից հայ արվեստագետները ներկայացրել են հատուկ համադրված երաժշտական կատարումներ՝ ընդգծելով պատկերասրահի դերն իբրև կամուրջ` դասականի ու ժամանակակցի, վիզուալ արվեստի ու երաժշտության, անցյալի ու ապագայի միջև: Տարբեր ցուցասրահներում ներկայացվել են ինտերակտիվ աուդիոինստալյացիաներ և փորձարարական երաժշտական փերֆորմանսներ:

Պաշտոնական բացման արարողության ընթացքում ՀԱՊ-ը պատրաստել էր խորհրդանշական անակնկալ․ ցուցադրությամբ ներկայացվել է Արշիլ Գորկու «Կժով կինը» ստեղծագործությունը (թուղթ, մատիտ)։

Ցուցադրել ավելի
Back to top button