Զարթուցիչ

Ստորջրյա հնագիտության ուշագրավ բացահայտումները․ Զարթուցիչ

Շատերիս համար ամառը ծովի հետ հանդիպման ժամանակն է, ու երբ արձակուրդից առաջ մեզ հարցնեն՝ ու՞ր կուզենայիր գնալ ամռանը, ի՞նչ կուզենայիր տեսնել, առաջին պատասխաններից մեկը սա է՝ ծո՜վ։

Ծովափ, արև, ալիքներ, անծայրածիր տարածություն, ավազ․․․Սա ամառային երազանքներից մեկն է։ Իսկ երբևէ երազե՞լ եք ծովերի խորքում հայտնվել, տեսնել մեր մոլորակի այն բնակիչներին, որոնք ապրում են իրենց ուրույն աշխարհում ու չգիտեն, թե ինչ կա ջրային սահմանից այս կողմ՝ վերևում, ցամաքում։

Բոլոր այն մարդիկ, ովքեր երբևէ իջել են ծովերի խորքը, անմոռանալի հիշողություններ ունեն այնտեղ տեսածի մասին։ Ծովերի թե՛ բուսական աշխարհը, թե՛ ռելիեֆը, թե՛ կենդանական աշխարհը մինչև այսօր էլ շարունակում են զարմացնել հետազոտողներին։ Իսկ գիտեի՞ք, որ ծովի հատակի ուսումնասիրությամբ զբաղվող գիտություն էլ կա՝ ստորջրյա հնագիտությունը, որն զբաղվում է մարդու և ծովի փոխհարաբերության ուսումնասիրությամբ՝ ջրի տակ գտնվող հին և միջնադարյան հուշարձանների հնագիտական հետազոտության միջոցով։

Այդպիսի հուշարձաններ են խորտակված նավերը, ինչպես նաև այն բնակավայրերը կամ դամբարանադաշտերը, որոնք ջրասույզ են եղել առափնյա գծի փոփոխումից, երկրաշարժերից։ Ստորջրյա հնագետների աշխատանքն, իհարկե, շատ հետաքրքիր է, նրանց տարբեր հայտնագործությունների շնորհիվ նոր բացահայտումներ և պատմական տարբեր իրադարձությունների հետ կապված ճշգրտումներ են լինում աշխարհի տարբեր անկյուններում։

Այդպիսի ճշգրտում է եղել վերջերս կատարված մի հայտնագործության արդյունքում։ Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի ափերի մոտ հայտնաբերվել է նավապետ Ջեյմս Կուկի՝ 250 տարի առաջ խորտակված նավը՝ «Ինդևորը»։

1768-1771 թվականներին «Ինդևոր» նավը դարձել է առաջին եվրոպական նավը, որը հասել է արևելյան Ավստրալիա։ 1778 թվականին այն խորտակվել է ԱՄՆ ափերի մոտ՝ Անկախության պատերազմի ժամանակ։ Դարեր շարունակ նավը համարվում էր կորած, սակայն այժմ նրա մնացորդները հայտնաբերվել են Նյուպորտի նավահանգստում։

Երբ ամերիկացիներն ու ֆրանսիացիները պաշարեցին Նյուպորտի նավահանգիստը, Ինդևորը 13 նավերից մեկն էր, որոնք միտումնավոր խորտակվեցին՝ որպես ստորջրյա արգելապատնեշ։ Ըստ Ավստրալիայի ազգային ծովային թանգարանի տնօրեն Դերիլ Կարպի, «Ինդևորի» վերաբերյալ փորձագետների հաշվետվությունը 25 տարվա հնագիտական և ստորջրյա հետազոտությունների արդյունք է։ Նավի մնացորդները համեմատել են Կուկի նավի՝ 1768 թվականի նկարագրության հետ։ Գիտնականներին հաջողվել է դրանք նույնականացնել փայտե գերանների չափերի շնորհիվ։

Գիտնականների միջազգային թիմը ծովային կենդանական աշխարհի մեծ բազմազանություն է հայտնաբերել Արևելյան Անտարկտիդայի Դենման սառցադաշտի շրջանում։

Դենման սառցադաշտը համարվում է ամենամեծ խորություն ունեցող սառցադաշտն աշխարհում և Անտարկտիդա մայրցամաքի նոր քարտեզների համաձայն հենց դրա տակ է գտնվում ցամաքի ամենախոր իջվածքը՝ ծովի մակերևույթից 3,5 կմ ցածրության վրա։ Ավելի խոր իջվածքներ կան միայն օվկիանոսների հատակում, որոնցից ամենահայտնին Մարիանյան իջվածքն է Խաղաղ օվկիանոսում։

Հենց այս տարածքի ուսումնասիրության արդյունքում էլ հայտնաբերվել է 14 տարբեր տիպերի (տիպերի, ոչ թե տեսակների) ներկայացուցիչներ, ինչը վկայում է տարածաշրջանում կենսաբազմազանության բարձր մակարդակի մասին։

Ըստ գիտնականների, հայտնաբերված օրգանիզմների մի մասը կարող է նորություն լինել գիտության համար։ Նմուշները կոնսերվացվել են հետագա գենետիկական հետազոտությունների համար։ Ստացված տվյալները կօգնեն ուսումնասիրել անտարկտիկական տեսակների էվոլյուցիան, ինչպես նաև անցյալի կլիմայական փոփոխությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button