Նոր բացվող օրը եկեք սկսենք շնորհավորանքներով։ Հուլիսի 1-ին Հայաստանում նշվում է Դատախազության աշխատողների օրը։ Մասնագիտություն, որ պահանջում է հաստատակամություն և արդարամտություն։ Շնորհավորենք ոլորտի բոլոր մասնագետներին տոնի կապակցությամբ, մաղթենք քաջառողջություն և հաջողություններ աշխատանքում։
Առավոտը, կարծես, ավելի համեղ է դառնում, երբ պիցցայի մասին ենք խոսում։ Առաջարկում ենք մի քանի րոպեով տեղափոխվել Նեապոլ, քանի որ հուլիսի 1-ին այստեղ նշվում է Պիցցայի օրը, որը, ի դեպ, սիրված ու համեղ տոն է ամբողջ աշխարհում։
Նեապոլի փոքրիկ փողոցներում այսօր աղմկելու են պիցայի սիրահարներն ու խոհարարները։ Իսկ գիտե՞ք որն է ամենասիրված ու հայտնի պիցցան՝ թագուհու պատվին ստեղծված «Մարգարիտա»- ն, որն իտալական դրոշի գույներն ունի՝ կանաչ ռեհան, սպիտակ մոցարելա ու կարմիր լոլիկ։ Ստացվում է՝ պիցցան ոչ միայն ուտելիք է, այլ նաև՝ պատմություն ու մշակույթ։
Նեապոլի պիցցայի փառատոնը իտալացի խոհարարների գլխավոր միջոցառումներից մեկն է։ Այն տևում է մոտ մեկ շաբաթ և այդ շրջանում աշխարհի բազմաթիվ երկրներից հյուրեր են գալիս։ Մի քանի օր շարունակ ամբողջ Նեապոլը լցվում է ռեհանի, մոցարելայի և թարմ խմորեղենի յուրահատուկ բույրերով։
Պիցցան Իտալիայի այցեքարտն է, իսկ Նեապոլի՝ խորհրդանիշը, քանի որ պաշտոնապես համարվում է նրա ծննդավայրը, և նեապոլցիների խոսքով, միայն այնտեղ կարել է ըմբոշխնել իրական պիցցա։
Իտալիայում պիցցայի նախատիպը հայտնվել է Ապենինյան թերակղզում՝ մոտավորապես 10-րդ դարում։ Դարեր շարունակ պիցան պարզապես կլոր, տափակ հաց էր և ըստ որոշ աղբյուրների՝ այդ հացի գաղափարը, իրականում, հույներինն էր։ Խմորը արտաքինից համեմում էին սխտորով, սոխով, խոտաբույսերով և ձիթապտուղներով։
Հնում, պիցցան, որպես սնունդ, ավելի շատ օգտագործում էր Իտալիայի հասարակ ժողովրդը։ Այն, երբեմն, և՛ նախաճաշ էր, և՛ ճաշ և՛ ընթրիք։
Ավելի ուշ՝ 16-րդ դարում, նեապոլցիներն առաջինը մտածեցին տափակ հացը թխել՝ լոլիկով։ Լոլիկը, այն ժամանակ, էկզոտիկ նորույթ էր իտալացիների համար։
Դե իսկ ներկայիս տեսքով պիցցան առաջին անգամ հայտնվել է 19-րդ դարում, և, կրկին Նեապոլում։ Այդ ժամանակ այն արդեն իտալական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկն էր։
Ըստ որոշ աղբյուրների՝ 1889 թվականին Իտալիայի թագավոր Ումբերտո I-ը և նրա կինը՝ Մարգարիտա Սավոյացին, այցելում են Նեապոլ և ցանկություն հայտնում՝ ինչ-որ պարզ, բայց օրիգինալ ուտեստ փորձել։ Նրանց համար պատրաստում են գյուղական պիցցա, որտեղ լոլիկի, մոցարելլայի և ռեհանի միջուկը խորհրդանշում էր Իտալիայի եռագույնը։
Չնայած «գյուղական» ուտեստի պարզությանը, թագավորական զույգը շատ է հավանում այն և թագուհի Մարգարիտան՝ այցելությունից հետո, անձամբ շնորհակալական նամակ է գրում։ Ավելի ուշ, թագուհու թույլտվությամբ, գյուղական պիցցան անվանում են «Մարգարիտա»։
Հենց այս պատմությամբ էլ սկսվում է պիցցայի պատմությունը։ Թեև հետագայում հայտնվում են պիցայի շատ տեսակներ, միևնուն է՝ ամենատարածված պիցցայի տեսակներից մեկը դեռևս «Մարգարիտան» է։
Մի հետաքրքիր փաստ ևս։ Չնայած այս ուտեստը մեծ հաջողություն ուներ, բայց երկար ժամանակ մնում էր Իտալիայի սահմանների ներսում, համարվում էր ազգային ուտեստ և երկրի սահմաններից դուրս գրեթե հայտնի չէր։ Պատմությունն այլ ընթացք ստացավ միայն 20-րդ դարի սկզբին, երբ իտալացի ներգաղթյալների հետ միասին պիցցան հասավ Ամերիկա և մեծ սեր վայելեց։
Ամեն տարի հուլիսի 1-ին նշվող փառատոնը հնարավորություն է տալիս ծանոթանալ նոր փաստերի հետ, ընդլայնել բաղադրատոմսերի հավաքածուն, լսել լավ երաժշտություն, գնել հուշանվերներ, մասնակցել տարբեր մրցույթների կամ պարզապես տանը մի համեղ պիցցա պատրաստել:
Եթե երբևէ մեզ հարցնեն՝ իսկ ի՞նչն է միավորել միլիոնավոր մարդկանց տարբեր երկրներից, հավանաբար կարող ենք ասել՝ պիցցան։ Այնպես որ, առաջարկում ենք այսօր մի կտոր համեղ պիցցա վայելել։ Բոն ապետիտ։





