Զարթուցիչ

Կենդանի օրգանիզմների կերպարանափոխման գաղտնիքը. Զարթուցիչ

Պատահե՞լ է երբևէ, որ անտառում, այգում, դաշտում մոտեցել եք մի ծաղկի, ձեռքը մեկնել եք քնքուշ կոկոնը շոյելու համար, և մեկ էլ՝ կոկոնը ձգվել է․․․ ու ցատկել․․․օհո՜, ո՜նց չէիք նկատել, որ կոկոն չէր, այլ ամենասովորական ծղրիդ, որը ծաղկի այս թփի վրա, կոկոնի կերպարանք առած, թաքնվել էր թռչուններից։ Դե, ո՞նց չզարմանաս ու չհարցնես ինքդ քեզ՝ ախր, ծղրիդին որտեղի՞ց այս հնարքը։

Իհարկե, հենց սկզբից ասենք, որ սա ծղրիդի հնարքը չէ, և որ այսպիսի այլ օրինակներ կարող եք դուք էլ բերել, հիշել, թե ոնց էիք գորտը գետաքարի հետ շփոթել, մողեսը՝ քարակտորի և էլի՝ ինչ ասես։ Այնպես որ, այո՛, սա ծղրիդի հնարքը չէ, այլ՝ մայր բնության հրաշալի հնարքներից մեկն է, որի շնորհիվ նա պաշտպանում է իր անպաշտպան զավակներին և որի անունը միմիկրիա է։

Եվ, մինչ դուք սկսեցիք դիտել ձեր շուրջը՝ պարզելու համար՝ որ միջատը կամ կենդանին է այսպես թաքնվել ձեր աչքից, մենք սկսենք մեր պատմությունը միմիկրիայի մասին։

«Միմիկրիա» բառն անգլերենից թարգմանվում է որպես դիմակավորում, նմանակում։ Սա այն երևույթն է, երբ կենդանի օրգանիզմները՝ բույսերը, կենդանիները, միջատները, ձկները, որևէ հատկությամբ՝ տեսքով, ձայնով, հոտով, գունավորմամբ, նմանակում են որևէ այլ կենդանի օրգանիզմի կամ անշունչ առարկայի՝ պաշտպանվելու համար։

Միմիկրիան էվոլյուցիայի ընթացքում ձևավորած հատկություն է, եթե կուզեք՝ հնարք, որով մայր բնությունը պաշտպանում է իր անպաշտպան զավակների մի մեծ խմբի։ Բնության մեջ միմիկրիայի երևույթը շատ հաճախ հանդիպող երևույթ է, որի կողքով անցնում ենք՝ չնկատելով և, իրականում այս երևույթի նպատակն էլ հենց այն է, որ չնկատենք իրեն։

Հայտնի են դեպքեր, երբ կենդանի օրգանիզմները էվոլյուցիայի արդյունքում իրենց գունավորումով և ձևով նմանվում են ոչ թե կենդանի օրգանիզմներին, այլ այն առանձին առարկաներին, որոնց մեջ իրենք ապրում են։ Այդպիսի օրինակները շատ են հատկապես միջատների միջավայրում։ Կան միջատներ, որոնց մի մասը կարողանում է հրաշալի նմանակել չոր ոստերին, մյուս մասը՝ տերևներին։

Հարավ-արևելյան Ասիայում ապրող վերևի կողմից վառ գունավորված Kallima թիթեռները ճյուղին նստելուց և թևերը դասավորելուց  հետո նմանվում են թառամած տերևի։

Ավստրալիայի ափերի մոտ ապրող ծովաձիուկների կարգի Phyllopteryx eques փոքրիկ ձկնիկները մարմնի վրա աճած բազմաթիվ թելանման և ժապավենանման ծվենների շնորհիվ նմանվում են այն ջրիմուռներին, որոնց մեջ ապրում են։

Ըստ արտաքին տեսքի միմիկրիայի ձևերից մեկն էլ այն է, երբ անվնաս տեսակը պաշտպանության համար ձեռք է բերում վտանգավոր մեկ այլ տեսակի գունավորումը կամ արտաքին տեսքը և դրանով մոլորեցնում է իր թշնամիներին։ Այդպիսի միմիկրիայի վառ օրինակ է, օրինակ, երբ Մեքսիկայում տարածված անվնաս օձի մի տեսակը էվոլյուցիայի ընթացքում ընդունել է թունավոր կորալային օձի խայտաբղետ գունավորումը և այդպես պաշտպանվում է իր թշնամիներից։

Միմիկրիայի երևույթը լավ դաս է դարձել նաև մարդկանց համար, և շատ հաճախ տարբեր իրավիճակներում մարդիկ էլ են այն կիրառում։ Դե, օրինակ, հենց պաշտպանական ոլորտում։ Հիշեք տարբեր երկրների զինվորական հանդերձանքը, զինտեխնիկայի գունավորումը, քողարկիչ ցանցերը, որոնք օգտագործում են բանակներում։ Չէ՞ որ այդ ամբողջ գունավորման հիմքում հենց միմիկրիան է՝ նմանակել շրջապատին՝ աննկատ մնալու համար։

Այսօր մի քիչ ավելի ուշադիր նայեք ձեր շուրջը՝ ծառերի բնին, քարերին, թփերին և փորձեք նկատել միմիկրիայի հնարքով թաքնված փոքրիկ խորամանկներին, բայց լուռ անցեք նրանց կողքով և մի ասեք իրենց, որ գիտեք իրենց գաղտնիքը։

Ցուցադրել ավելի
Back to top button