Լուրեր

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Աբբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսը

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոն շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների «Անհայտ նպատակակետ» խորագրով ցուցահանդեսը։

Ներկայացված են 28 սև-սպիտակ բնապատկերներ, որոնք արվեստագետը ստեղծել է տարիների ընթացքում՝ ֆիլմերի նկարահանման վայրեր փնտրելիս։ Վերնագրերից ու տարեթվերից զերծ՝ այս լուսանկարներում պատկերված են ճանապարհներ, որոնց շուրջ տարածվող բնական միջավայրը և մարդկային հետքերը վերածվում են այլաբանական խորհրդանիշների:

«Անհայտ նպատակակետ» ցուցադրության շրջանակում անվանի ռեժիսորներ Ջաֆար Փանահինին և Ամիր Նադերին ներկայացրել են իրենց պատմությունները և համագործակցությունն իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի հետ՝ կիսվելով տարբեր տարիների հիշողություններով:

Ինչպես իր ֆիլմերում, այնպես էլ լուսանկարչական աշխատանքներում Քիառոստամին շեշտադրում է ճանապարհորդությունը՝ որպես կյանքի անցողիկության և բնության հավերժության հակասական հարաբերությունն ըմբռնելու գլխավոր ուղի։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի աջակցությամբ։ Լուսանկարների հավաքածուն Աբբաս Քիառոստամին անձամբ է նվիրաբերել կինոփառատոնին 2004 թվականին՝ Հայաստանում իր ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրության ժամանակ։

«Անհայտ նպատակակետ» ցուցադրությունը կգործի մինչև սեպտեմբերի 15-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button