Զարթուցիչ

Այսօր ինքնախնամքի օրն է. Զարթուցիչ

Հուլիսի 24–ը, ինչպես հիշեցնում է օրացույցը, Ինքնախնամքի օրն է․ ինքներս մեր մասին հոգ տանելու, մեր առողջությունը կարևորելու, ինքներս մեզ խնամելու օրը։

Այն նշվում է 2011 թվականից սկսած, նպատակը բոլորիս հիշեցնելն է, որ մեր առողջության համար նախևառաջ հենց մենք պետք է հոգանք, և ոչ թե հիվանդանալուց հետո, այլ հե՛նց առողջ ժամանակ։ Իսկ դրա համար ի՞նչ է պետք․ նախևառաջ գիտելիք ինքնախնամքի մասին, ապա՝ առողջ ապրելակերպ, ֆիզիկական ակտիվություն, լիարժեք քուն և հանգիստ, ճիշտ սնվել և․․․շարքը կարող եք դուք էլ շարունակել։ 

Սա, իհարկե, մեկ օրվա գործ չէ, և ոչ էլ ինքնախնամքն է սահմանափակվում տարվա մեջ օրով։ Այսպիսի օրերը, որոնք կան օրացույցում, կարևոր բաները մեզ պարզապես հիշեցնելու համար են։

Իսկ ամառը և արձակուրդը մեր առողջության մասին մտածելու շատ լավ ժամանակ է։ 

Ընկնող աստղեր տեսե՞լ եք։ Միանգամից առարկեցիք՝ աստղերը չեն ընկնում։ Գիտենք, իհարկե, որ աստղերը չեն ընկնում, բայց քանի՜ անգամ ենք բոլորս էլ աստղազարդ երկնքով սրընթաց իջնող լույս տեսել ու անակնկալից ճչացել․ տեսե՜ք, աստղ է ընկնում։

Խոսքն ընկնող ասուպների մասին է կամ երկնաքարերի։

Օրացույցը տեղեկացնում է, որ հուլիսի 24–ը նշանավոր է նաև նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ ընկնող ասուպի մասին տեղեկությունը փաստաթղթավորվել է հենց այդ օրը։ Դա 1790 թվականի հուլիսի 24–ն էր, երբ Ֆրանսիայում՝ Բարբոտան քաղաքի մոտակայքում, երկնաքար ընկավ, ինչի մասին անմիջապես տեղեկացրին Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիային, և իրադարձությունը գրանցվեց:

Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներից մեկը՝ նշանավոր քիմիկոս Կլոդ Բերտոլեն, այս իրադարձությանն այսպես արձագանքեց․ «Ի՜նչ տխուր է, որ մի ամբողջ քաղաքային իշխանություն ժողովրդական հեքիաթներ է փաստաթղթավորում՝ դրանք որպես իրականություն մատուցելով այն դեպքում, երբ ոչ մի խելամիտ բացատրություն չկա դրա համար»։

Զարմանալի է, իհարկե, նշանավոր քիմիկոսի այս կարծիքը։ Չէ՞ որ ընկնող ասուպներ ու երկնաքարեր մարդկությունը տեսել է միշտ։

Ինչևէ, անգամ 18–րդ դարի վերջում գիտնականները չէին հավատում, որ երկնաքարերը տիեզերական ծագում ունեն։ Եվ միայն 1803 թվականին, երբ Էգլ քաղաքում իսկական երկնաքարային անձրև տեղաց, և գետնի վրա հայտնվեցին երկնաքարի շատ կտորներ, ու երևույթի ականատեսներն էլ այնքան շատ էին, որ սա հեքիաթ անվանել հնարավոր չէր, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան ստիպված էր ընդունել, որ քարերն իսկապես երկնքից էին։

Այսօր արդեն փոքրիկ երեխաներն էլ գիտեն ընկնող ասուպների ու երկնաքարերի մասին և շատ լավ կարող են բացատրել, որ դրանք աստղակերպերի ու գիսաստղերի կտորներ են, բայց դա չի նշանակում, իհարկե, որ ընկնող ասուպ տեսնելիս նրանք էլ չեն գոչի՝ տեսե՜ք՝ աստղ է ընկնում։

Ցուցադրել ավելի
Back to top button