Զարթուցիչ

Օրը նվիրված է մարդուն հավատարիմ չորքոտանիներին. Զարթուցիչ

Հաշված օրեր ․․․ և նորից ուսումնական տարի…Ինչը  նշանակում է, որ առաջիկա օրերին աստիճանաբար կպլանավորենք մեր գործերը և կառանձնացնենք գլխավոր նպատակները։

Քանի դեռ արձակուրդը շարունակվում է, առաջարկում ենք  այսօր կրկին խոսել մեր չորքոտանի ընկերներից։ Ինչո՞ւ ․․․, որովհետև օրացույցից տեղեկանում ենք, որ օգոստոսի 26-ին նշվում է Շներին շնորհակալ լինելու օրը։ Զարմանու՞մ եք, որ այդպիսի օր էլ կա․․․

Պարզվում է` կա։ Գաղափարը ի հայտ է եկել 2004 թվականին Միացյալ Նահանգներում: Նախաձեռնությունը պատկանում էր կենդանիների կենսակերպի մասնագետ Քոլին Փեյջին: Հետո տոնը սկսեցին նշել նաև Միացյալ Նահանգներից դուրս, և այն դարձավ միջազգային: 

Շունը, առաջին ընտելացված կենդանին է, որը, ժամանակի ընթացքում, դարձավ մարդու հավատարիմ ու նվիրված օգնականը: Մարդուն հաջողվեց ոչ միայն ընտելացնել նրան, այլ նաև՝ բուծել նոր ցեղատեսակներ, որոնցից յուրաքանչյուրը հաջողությամբ կատարում էր որոշակի գործառույթ: 

Տարբեր աղբյուրներից գիտենք պատմություններ, երբ շները փրկել են մարդկային կյանքեր՝ բարդ իրավիճակներում,  եղանակային դժվար պայմաններում, քաղաքակրթության հետ սահմանափակ կապի պայմաններում տեղափոխել են կենսականորեն կարևոր բեռներ և դեղորայք, գտել են կորածներին, մարդկանց ազատել փլատակներից և անգամ ջրից դուրս բերել խեղդվողներին։ Իսկ հիշո՞ւմ եք, որ շունը մարդուց առաջ է եղել տիեզերքում: 

Եվ․․․այսօր էլ՝ նրանք հավատարմորեն ընկերակցում են միայնակներին, ժպիտ են պարգևում և բարձրացնում բոլորիս տրամադրությունը:

Այսքանը՝ մեր հավատարիմ, զվարթ ու, երբեմն էլ, մի փոքր չարաճճի ընկերների՝ շների մասին։ Հիմա ժամանակն է լսելու շների վարժեցնող Ռոլանդ Պողոսյանին, որը մեզ կներկայացնի մի քանի մասնագիտական խորհուրդ՝ մեր չորքոտանիներին ավելի լավ հասկանալու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button