Զարթուցիչ

Ինչու՞ ենք սիրում երաժշտություն լսել. Զարթուցիչ

Վերջապես տարվա այն եղանակն է, երբ ամենաշատն ենք վայելում երաժշտություն։ Ինչպես ջամայկացի հայտնի երգիչ և երաժիշտ Բոբ Մարլին էր ասում՝ երաժշտության մեջ մի լավ բան կա․ երբ այն դիպչում է քեզ, ցավ էլ չես զգում։ Պատրաստիր ականջակալներդ, որովհետև այսօր ընկղմվելու ենք երաժշտություն կոչվող ֆանտաստիկ աշխարհում: Մեր այսօրվա թեման կամփոփենք նաև զրույցով․ երիտասարդ երաժիշտ Էլիզա Բարխուդարյանը մեզ կպատի, թե ինչպե՞ս սկսեց երաժշտությամբ զբաղվել և ի՞նչն է նրան ոգեշնչում ստեղծագործելիս։

Երբևէ ձեզ հետաքրքրել է՝ ինչու՞ են մարդիկ այդքան սիրում երաժշտություն և ինչու՞ է այն այդքան հոգեպարար։ Իրականում, էվոլյուցիայի տեսանկյունից՝ անբացատրելի է, թե ինչու է երաժշտությունն այդքան հույզեր առաջացնում: Այն կարծես՝ գոյատևելու համար, մեզ ոչինչ չի տալիս։ Բայց արի ու տես, որ մարդկության վաղ ժամանակներից ի վեր մենք ստեղծել ենք երգ-երաժշտոթյուն։ Առհասարակ էմոցիաները և հույզերը մեզ օգնում են կողմնորոշվել հասարակությունում։ Օրինակ՝ վախը օգնում է զգալ ու զգուշանալ վտանգավոր երևույթներից, իսկ ուրախությունը՝ օգնում է ավելի հեշտ շփվել մարդկանց հետ։ Երաժշտությունը մեր ուղեղում ակտիվացնում է այնպիսի հույզեր, որոնք մեզ պետք են ապրելու, ստեղծագործելու և ոգեշնչվելու համար։ Ու հենց այս պատճառով էլ հավանականությունը մեծ է, որ մարդկության սերը առ երաժշտություն պարզապես երջանիկ պատահականություն է։

Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում երկու տեսություն, որոնք փորձում են բացատրել, թե ինչու՞ ենք մենք սիրում երաժշտություն։ Տեսություն առաջին․ մեր ուղեղը սիրում է օրինաչափություններ, իսկ երաժշտությունը հենց օրինաչափությունների մասին է։ Երբ մենք երաժշտություն ենք լսում, ուղեղը արտադրում է դոֆամին։ Նշենք, որ սա նույն «երջանկության հորմոնն» է և այն պատասխանատու է հաճույքի համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դոֆամինը ավելի ակտիվ է արտադրվում, երբ երաժշտության մեջ կա հուզականություն։ Օրինակ, երբ լսում ենք մեր սիրելի երգը և փշաքաղվում։ Սովորաբար ուղեղը դոֆամին է արտադրում այն ժամանակ, երբ այն կենսական նշանակություն ունի մեզ համար։ Պետք է համաձայնենք, որ երաժշտությունը պարտադիր պայման չէ գոյատևման համար։ Այնուամենայնիվ, մեր ուղեղը երաժշտությանը արձագանքում է նույն կերպ, ինչպես կարձագանքեր՝ մեզ հետ կատարվող կենսական նշանակություն ունեցող երևույթներին։ Ինչու՞։

Հետազոտողները նշում են մի քանի պատճառ, որոնցից մեկը հետևյալն է․ մեր ուղեղը, այսպես ասած, «սիրահարված է» օրինաչափություններին։ Մարդկային էվոլյուցիայի ընթացքում մենք սովորել ենք նկատել օրինաչափությունները, որովհետև դա կարևոր է եղել գոյատևման համար։ Օրինակ՝ եթե ծառերի տերևները խշխշում են, միգուցե մոտենում է գիշատիչ կենդանի։ Եթե օդում ծուխ է, գուցե պետք է փախչել, որովհետև հրդեհ է։ Ու իհարկե, երաժշտությունը նույնպես օրինաչափություն է․ մենք լսում ենք մեղեդին, և ուղեղն արդեն փորձում է գուշակել՝ ինչ ակորդ է հաջորդելու։ Եթե այդ գուշակությունը համընկնում է իրականության հետ, մենք հաճույք ենք ստանում։

Ըստ երկրորդ տեսության՝ երաժշտությունը մոլորեցնում է մեր ուղեղին, որ այն իրականում խոսք է։ Երաժշտությունը ոչ միայն ուրախություն է առաջացնում, այլ նաև տարբեր զգացմունքներ։ Երբ մենք լսում ենք երաժշտություն, նրա ռիթմը հաճախ սկսում է համընկնել մեր սրտի աշխատանքին ու շնչառությանը․ այս երևույթն անվանում են «զվարճություն»։ Եթե երաժշտությունն արագ է, սրտի բաբախը ևս արագանում է։

Բայց կա նաև մեկ այլ հետաքրքիր բացատրություն․ երաժշտությունը շատ նման է խոսքին։ Մեր ուղեղը սովոր է ճանաչել մարդկանց ձայնի ինտոնացիաները՝ հասկանալու, արդյոք նրանք ուրա՞խ են, տխու՞ր, վախեցա՞ծ, թե՞ բարկացած։ Օրինակ՝ բարձր ու հնչեղ ձայները սովորաբար ավելի ուրախ են թվում, իսկ դողացող ձայները՝ վախեցած։ Երաժշտությունը նույնն է անում, բայց ավելի հզոր ձևով․ օրինակ դաշնամուրը կամ ջութակը կարող են նույն ուրախ ինտոնացիաները հաղորդել հարյուր անգամ ավելի ուժեղ, քան մարդկային ձայնը։

Չնայած այս տարբերակներից ոչ մեկը ամբողջովին չի բացատրում, թե ինչու՞ ենք այդքան ոգևորված լսում երաժշտություն, ամեն դեպքում չենք կարող ժխտել, որ այն մարդկության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է։ Հենց այս կետից էլ առաջարկում ենք անցում կատարել ու լսել մեր զրույցը երաժիշտ Էլիզա Բարխուդարյանի հետ, որը մեզ կպատմի իր ստեղծագործ աշխարհի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button