Զարթուցիչ

Զրույց՝ օզոնի, աշխատող ծնողների և քարեր հավաքելու օրվա մասին

Որքան էլ զարմանալի թվա, բայց այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Քարեր հավաքելու օրն է։ Օրը կոչ է անում լինել բնության գրկում, շրջել դիտարժան վայրերով ու հավաքել յուրահատուկ ու տարբերվող քարեր։ Կան մարդիկ, որոնք ունեն այսպիսի հոբբի, որը որոշ դեպքերում, դառնում է նաև գիտական հետաքրքրություն։

Մի հետաքրքիր փաստ ևս։ Ամեն քար ունի իր պատմությունը և, նույնիսկ, կարող է միլիոնավոր տարիների պատմություն ունենալ։ Ի՞նչ եք կարծում, կարելի է մի այսպիսի խաղ կազմակերպել․ «Ո՞վ կգտնի ամենահետաքրքիր քարը»։ Կարող ենք քվեարկություն կազմակերպել և տեսնել՝ ով կհաղթի։ Հաղթողի համար էլ՝ փոքրիկ մրցանակ կմտածենք։

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, որոշ երկրներում նշվում է  նաև Աշխատող ծնողների օրը։ Օրը ստեղծվել է՝ շնորհակալություն հայտնելու մեր ծնողներին։ Չէ՞ որ նրանք կարողանում են համատեղել աշխատանքն ու ընտանիքը։ Առավոտյան՝ մեզ համեղ նախաճաշ են պատրաստում, իսկ օրվա վերջում՝ մեզ զգաստացնող ձայնով հարցնում՝ «դասերդ արե՞լ ես»:

Օրվա գաղափարն է՝ հիշեցնել, որ նրանց ջանքերը միշտ չէ, որ տեսանելի են, բայց՝ անփոխարինելի են միշտ։ Օրը լավ հնարավորություն է՝ մեր շնորհակալությունը որևէ կերպ հայտնելու համար։ Օրինակ՝ կարող ենք նրանց ուրախացնել տան փոքրիկ գործերով, նրանց օգնելով կամ, առնվազն, չբարկացնելով։

Եվ վերջում՝ սեպտեմբերի 16-ը ևս մեկ կարևոր նշանակություն ունի։ Այսօր Օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է, որը սահմանվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից և նշվում է՝ սկսած 1994 թվականից։ Ամսաթիվը պատահաբար չի ընտրվել։ 1987 թվականի սեպտեմբերի 16-ին է ստորագրվել Մոնրեալի արձանագրությունը, որի նպատակը  աստիճանաբար օզոնը քայքայող նյութերի  օգտագործումը դադարեցնելն է։

Հիմա  գուցե  հարց առաջանա՝ «Լավ, իսկ ինչո՞ւ է կարևոր օզոնը»։ Իրականում, օզոնային շերտը գտնվում է մթնոլորտի վերին շերտում և մեզ պաշտպանում է արևի վնասակար ազդեցությունից՝ հայտնի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Առանց օզոնային շերտի՝ կյանքը Երկրի վրա շատ ավելի վտանգավոր կլիներ․ կվնասվեին բույսերն ու կենդանիները, իսկ մարդիկ՝ ձեռք կբերեին տարբեր հիվանդություններ։

Օրվա գաղափարն է՝ հիշեցնել, որ մեր առօրյա սովորությունները ազդում են մթնոլորտի վրա, և այնպես անել, որ ավելի շատ օգտվենք էկոլոգիապես մաքուր արտադրանքից և տեխնոլոգիաներից։ Շարունակենք կրթվել, քանի որ այդ քայլերով հնարավոր է մեծ փոփոխություն բերել բնապահպանության ոլորտում։

Ցուցադրել ավելի
Back to top button