Սեպտեմբերի 23-ը գիտության պատմության մեջ նշանավորվել է շատ կարևոր բացահայտմամբ։ 1846 թվականի հենց այս օրը գերմանացի աստղագետ Յոհան Գոթֆրիդ Գալլեն առաջին անգամ հաստատել է Նեպտուն մոլորակի գոյությունը։ Մինչ այդ՝ Նեպտունի գոյության մասին միայն ենթադրություններ կային, որոնք հիմնված էին մաթեմատիկական հաշվարկների վրա։
Նեպտունը դարձավ առաջին մոլորակը, որի հայտնաբերումը եղել է ոչ թե պատահական դիտարկումով, այլ՝ գիտական կանխատեսմամբ։ Աստղագիտության մեջ դա կարևոր հաղթանակ էր։ Այն ցույց տվեց, որ հաշվարկներն ու գիտությունը կարող են ճիշտ ճանապարհով առաջնորդել դեպի նոր բացահայտումներ տիեզերքում։
Սեպտեմբերի 23-ը Ժեստերի լեզուների միջազգային օրն է։ Նպատակն է՝ ընդգծել օրվա կարևորությունը լսողության խնդիրներ ունեցող մարդկանց կյանքում: Օրը հռչակվել է 2017 թվականի դեկտեմբերին՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից։ Կան մոտավորապես 300 ժեստերի լեզու, այդ թվում՝ միջազգային ժեստերի լեզու:
Այդ բոլոր լեզուները իրարից տարբերվում են այնպես, ինչպես խոսակցական լեզուները։ Ամենահայտնի ժեստերի լեզուներից մեկը Ամերիկյան ժեստերի լեզուն է, որից օգտվում է ավելի քան կես միլիոն մարդ։
Ժեստերի լեզուն ունի իր քերականությունը և շարահյուսությունը, այն պարզապես խոսքի բառացի թարգմանությունը չէ։ Ի դեպ, ժեստերի լեզվով կան երգեր և պոեզիա, իսկ որոշ երկրներում, ինչպիսիք են Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, ժեստերի լեզուն ճանաչված է որպես պաշտոնական լեզու։
Մի հետաքրքիր փաստ ևս։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ժեստերի լեզուն օգտագործող երեխաների մոտ զարգանում է ավելի ուժեղ տեսողական հիշողություն և տարածական մտածողություն։
Ամբողջ աշխարհում ժեստերի լեզուները ճանաչվում են՝ որպես լիարժեք բնական լեզուներ։ Օրն ընդգծում է, որ շփումը միայն բառերով չէ։ ժեստերի լեզուն միլիոնավոր մարդկանց համար կամուրջ է դեպի հասարակություն, կրթություն և ազատ արտահայտվելու իրավունք։





