Աշխարհում շատ երեխաներ են երազում հեծանիվ ունենալ, և երբ այն իրականություն է դառնում՝ հիշողությունը մնում է մեզ հետ մեկընդմիշտ։
Իսկ դուք հիշու՞մ եք այն օրը, երբ առաջին անգամ հեծանիվ փորձեցիք վարել։ Օրինակ՝ ես հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ հեծանիվ նստեցի, փորձեցի վարել և ձախողվեցի։
Դե, իհարկե այս երկանիվ «մեքենայի» հետ առաջին անգամվա փորձը գրեթե միշտ պսակվում է անհաջողությամբ․ երևի այլ կերպ հնարավոր չէ սովորել։
Մինչ դուք փորձում եք հիշել հեծանիվ վարելու ձեր առաջին հաջողված կամ ձախողված փորձերը, տեղեկացնենք, որ այսօրվա մեր հաղորդումը լինելու է հեծանիվի մասին։ Ձեզ ենք ներկայացնելու մի քանի հետաքրքիր փաստեր, որից հետո զրուցելու ենք Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի փոխտնօրեն, ուսմասվար Գրիգոր Համբարձումյանի հետ։
Նա մեզ կպատմի մարզադպրոցի կողմից անվճար հիմունքներով կազմակերպվող հեծանվային դասընթացների մասին, որոնք իրականացվում են Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման պետական ծրագրի շահառուների համար:
Բայց մինչ հյուրի հետ զրուցելը՝ անդրադառնանք հեծանվի մասին հետաքրքիր փաստերի:
Հեծանիվի ստեղծման պատմությունը մեզ տանում է 19-րդ դար, երբ գերմանացի բարոն Կառլ վոն Դրաիսը ստեղծեց կառք, որը շարժվում էր առանց ձիու։ Զարամնալիորեն՝ երկանիվ այս սարքը չուներ ոտնակներ և աշխատում էր ոտքերը գետնին սեղմելով։ Այս մեքենան հայտնի դարձավ “draisine” անվամբ, և դարձավ ժամանակակից հեծանիվի նախահայրը։
Բարձր անիվով հեծանիվներ, հաստատ, տեսած կլինեք կա՛մ ֆիլմերում, կա՛մ կրկեսներում։ Այն բավականին հայտնի էր 1870-ականներին։ Ի դեպ, հեծանիվ տերմինը մինչ այս չէր օգտագործվում․ այն ստեղծվեց Ֆրանսիայում՝ մեխանիկական շարժիչով և ոտնակներով աշխատող երկանիվները նկարագրելու համար։
Հեծանիվները առաջին անգամ Չինաստան են ներմուծվել 1800-ականներին։ Այսօր այդ երկրում ավելի քան կես միլիարդ մարդ ամեն օր հեծանիվ է վարում։
Իսկ Նիդեռլանդներում ուղևորությունների գրեթե 30 տոկոսը իրականացվում է հեծանիվներով։ Պարզվում է, որ 15 տարեկանից բարձր 8 հոլանդացուց 7-ը հեծանիվ ունեն։ Պատկերը այլ է Միացյալ Նահանգներում։ Այնտեղ քաղաքային ուղևորությունների համար 1 տոկոսից էլ քիչ բնակչությունն է օգտագործում հեծանիվ։
Մեզ համար բացահայտում էր նաև այն փաստը, որ ամեն տարի աշխարհում արտադրվում է մոտ 100 միլիոն հեծանիվ։
Վերջին 30 տարիներին զարգացել է նաև հեծանիվների միջոցով առաքման ծառայությունները։ Այն դարձել է մեծ, տրանսպորտային միջոցներով հագեցած քաղաքներում տեղաշարժվելու միջոց, որի շնորհիվ առաքիչները կարողանում են խուսափել խցանումներից և մեծ արագությամբ հասցնել առաքանին։
«Տուր դը Ֆրանս»-ի մասին լսե՞լ եք։ Այն աշխարհում ամենահայտնի հեծանվավազքերից մեկն է, որն անցկացվում է Ֆրանսիայում ավելի քան հարյուր տարի։ Այն առաջին անգամ իրականացվել է 1903 թվականին և նախաձեռնողների կարծիքով համարվում է տոկունությունը փորձելու ամենամեծ թեստերից մեկը։
Իսկ 1935 թվականին 25-ամյա Ֆրեդ Բիրչմորը հեծանիվով շրջեց աշխարհով մեկ։ Նրա ամբողջ ճանապարհորդությունը, որն անցնում էր Եվրոպայով, Ասիայով և Ամերիկայի Միացյալ Նահանգներով, կազմեց շուրջ 40,000 մղոն։ Դրանից մոտ 25,000-ը՝ նա անցավ հեծանիվով, իսկ մնացածը՝ նավով։





