Զարթուցիչ

Աշնանային սառը առավոտը սկսենք տաք թեյով. Զարթուցիչ

Համաձայնեք, որ աշնան այս մի քիչ սառը առավոտներին թեյ խմելը հաճելի է, անգամ եթե թեյի մեծ սիրահար չեք։ Վայելեք ձեր թեյն ու լսեք մեր կարճլիկ պատմությունը աշխարհի հռչակավոր թեյի ապրանքանիշերից մեկի հիմնադիր Թոմաս Լիպտոնի մասին, որի հիշատակի օրն է այսօր, ինչպես հուշում է օրացույցը։

Իհարկե, կարող էինք չկարևորել այս հիշեցումը, բայց Թոմաս Լիպտոնի՝ դեռ մանկական տարիքից դրսևորած ձեռնարկատիրական ջիղը, իր աշխատանքի մեջ նորարար լինելու և դրանով հաջողելու պատմությունը մեզ հետաքրքիր թվաց, և որոշեցինք մի պահ կանգ առնել այս կենսագրության վրա։ Չի բացառվում, չէ՞, որ հենց այս պահին մեզ ապագա ձեռնարկատերեր են լսում, և այս կենսագրության հետ ծանոթությունը, մեկ էլ տեսար, ինչ–որ պահի ինչ–որ բան հուշեց։

Թոմաս Լիպտոնը ծնվել է 1850 թվականին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում։ Հայրը նպարեղենի կրպակ ուներ, և 5 տարեկանից արդեն փոքրիկ Թոմասն օգնում էր հորը, իսկ երբ մահացան տղայի քույրն ու եղբայրը, նա դուրս եկավ դպրոցից՝ ընտանեկան փոքրիկ բիզնեսն առավել կանոնավոր  շարունակելու համար։

15 տարեկանում Թոմասը մեկնեց ԱՄՆ, որտեղ չէր խորշում ոչ մի աշխատանքից։ Ի վերջո նա որպես վաճառող աշխատանքի ընդունվեց նյույորքյան հանրախանութներից մեկի մթերային բաժնում, և հենց այս աշխատանքն էլ նրա համար մեծ դպրոց ու գործնական կրթության հնարավորություն դարձավ։ Այն ամենը, ինչը նա տեսավ այստեղ, մարքեթինգային այն հնարները, որոնք նկատեց նրա աչքը, հետագայում շատ պետք եղան արդեն ձեռտնարկատեր Թոմաս Լիպտոնին։

 1871 թվականին Թոմաս Լիպտոնը վերադարձավ հայրենիք՝ ունենալով գործնական հարուստ գիտելիք և գրպանում ընդամենը 100 ֆունտ ստեռլինգ։ Հայրենի քաղաքում նա սեփական մթերային խանութ բացեց, որտեղ և՛ կառավարիչն էր, և՛ վաճառողը, և՛ պահեստապետը։ Գնորդներին Լիպտոնի խանութը գրավում էր ցածր գներով, գեղեցիկ ձևավորված ցուցափեղկերով։ Նա անընդհատ նորանոր խայծեր էր հորինում գնորդների համար, և նրա խանութում առևտուրը հաջող էր ընթանում։ Շուտով Լիպտոնը դարձավ 11 խանութի սեփականատեր Շոտլանդիայում, իսկ 1885 թվականին արդեն փաթեթավորման ֆաբրիկա և պահեստներ ուներ Չիկագոյում։

1890 թվականին Լիպտոնն սկսեց զբաղվել թեյի բիզնեսով, որի շնորհիվ էլ դարձավ հայտնի ողջ աշխարհում։ Նա Ցեյլոն կղզում 5 պլանտացիա գնեց, որտեղ փորձարկումներ էր անում մատչելի գնով բարձրորակ թեյ ստանալու համար։ Լիպտոնն աշխատում էր առանց միջնորդների, սեփական պլանտացիաների բերքը սեփական նավատորմով տեղափոխելով: Ահա թե ինչու նրա թեյը թանկ չէր, իսկ ստվարաթղթե տուփիկները, որոնցում փաթեթավորվում էր «Լիպտոն» ֆիրմայի թեյը, շատ արագ դարձավ ճանաչելի ողջ աշխարհում։

Բոլորը, ովքեր փորձում էին Լիպտոնի թեյը, միանգամից գնահատում էին այն, Վիկտորյա թագուհին էլ այս թեյի երկրպագուներից էր և 1897 թվականին Թոմաս Լիպտոնին ասպետի կոչում շնորհեց։

Սա է թեյի՝ աշխարհի ամենահայտնի ապրանքանիշերից մեկի համառոտ պատմությունը, որի հիմքում ընկած են աշխատասիրությունը, դիտողականությունը, նորարար ոգին և հաջողելու մեծ ցանկությունը։ Արդեն խմեցի՞ք ձեր թեյը։ Անուշ եղավ։

Ցուցադրել ավելի
Back to top button