Զարթուցիչ

Իսկ դու լա՞վ ես ճանաչում Երևանը. Զարթուցիչ

Երևանի Ալեք Մանուկյան 5 հասցեից, մեր ու ձեր սիրելի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան ալիքից բարի լույս ենք մաղթում: Միասին դիմավորում ենք հոկտեմբերի 10-ը։

Ի դեպ, հայտնի մարդկանցից աշնան այս օրն են ծնվել՝ իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին և նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։ Ջուզեպպե Վերդին գրել է նախերգանքներ, քայլերգեր, դաշնամուրային պիեսներ և օպերաներ։ Կոմպոզիտորի երեք հայտնի օպերաները՝ «Ռիգոլետտոն», «Տրուբադուրը» և «Տրավիատան» ընդգրկված են աշխարհի բոլոր օպերային թատրոնների հիմնական խաղացանկում:

Իսկ մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենն իր կյանքում հայանպաստ գործունեությամբ է հանդես եկել։ Պատմությունից գիտենք, որ նա ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին օգնել է ստանալ «Նանսենյան անձնագրեր»: Հայաստանի տարբեր մարզերում ու, անշուշտ, Երևանում Նանսենի անունով են կոչվում փողոցներ ու դպրոցներ: Մայրաքաղաքի կենտրոնում էլ՝ Աբովյան և Մոսկովյան փողոցների հարող տարածքում, կարող ենք տեսնել նրա կիասանդրին։

Օրացույցից տեղեկանում ենք, որ այսօր նշվում են նաև Հոգեկան առողջության և Տեսողության համաշխարհային օրերը։ Պարզվում է հոկտեմբերի տասը նաև Շիլայի միջազգային օրն է։ Տան մեծերն ասում են, որ շիլաները շատ օգտակար են և հաճախ պետք է ուտել։

Մի խոսքով, այսօր առաջարկում ենք լսել Ջուզեպպե Վերդիի ստեղծագործությունները, ավելի մանրամասն ծանոթանալ Ֆրիտյոֆ Նանսենի գործունեությանը, իսկ քաղց զգալիս՝ իհարկե, շիլա ուտել։ Բրնձի, հնդակաձավարի, սպիտակաձավարի, թե վարսակի՝ թողնում ենք ձեր ընտրությանը։

Եվ իհարկե, այս ամենն անելուց հետո, արդեն, կարող ենք պատրաստվել Երևանի տոնին։ Վաղը և մյուս օրը նշելու ենք մեր մայրաքաղաքի ծննդյան 2806 ամյակը։

Երկու օր շարունակ՝ Երևանի տարբեր շրջաններում հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվելու, որոնց մասին մենք իհարկե կպատմենք ձեզ։ Իսկ մինչ այդ առաջարկում ենք մեր սիրելի Երևանին նվիրված խաղ-վիկտորինա անցկացնել ու պարզել, արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր մայրաքաղաքը։

Ցուցադրել ավելի
Back to top button