Լողի օգտակարության մասին հաճախ ենք լսում։ Լողը ոչ միայն հաճելի զբաղմունք է, այլ նաև շատ կարևոր հմտություն, որին տիրապետելով կարող ես անգամ կյանք փրկել։ Այսօր խոսելու ենք լողից ու ձեզ ենք ներկայացնելու՝ ամենահետաքրքիր փաստերը այս մարզաձևի մասին։ Վերջում էլ կներկայացնենք մեր ռեպորտաժը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի վերաբերյալ։
Նշենք, որ ԿԳՄՍՆ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ, առաջին անգամ կազմակերպում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը, որը նպատակ ունի դպրոցահասակ երեխաների շրջանում մասսայականացնել լող մարզաձևը։ Մրցաշարը տեղի կունենա հոկտեմբերի 15-30-ը՝ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում։
Ոմանց համար լողը ուրախ, կարևոր ու օգտակար զբաղմունք է, ոմանց համար էլ՝ մասնագիտություն, կյանք ու ապրելակերպ։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ, այդ թվում՝ այնպիսի փաստեր, որոնք ձեզ, հաստատ, կզարմացնեն։
Ազատ ոճի լողում, սուզորդները ջրում կարող են իրենց շունչը պահել ավելի քան 10 րոպե։ Միջինում, մարդը հազիվ 30 վայրկյան կարող է դիմանալ, բայց տարիների քրտնաջան մարզումներից հետո սուզորդները կարողանում են ջրի տակ մնալ մինչև 10 րոպե։
Մինչ այժմ, ջրի տակ շունչը պահելու համաշխարհային ռեկորդը եղել է 22 րոպեն։
Պարզվում է, որ ամենահին լողի ձևը բրեսթսթրոքն է կամ այլ կերպ ասած՝ բրասը։ Այն հայտնի է դեռևս մ.թ.ա. 1-ին դարից։
Իսկ գիտե՞ք, որ լողորդները ևս քրտնում են ջրում։ Այո՛, դուք ճիշտ լսեցիք, նույնիսկ ջրի մեջ տեղի է ունենում քրտնարտադրություն։ Մենք պարզապես դա չենք նկատում։
Գիտեի՞ք, որ աշխարհի ամենաերիտասարդ միջազգային լողորդը 10 տարեկան է եղել։ Բահրեյնի Ալզաին Թարեքը 2015-ին մասնակցել է աշխարհի առաջնությանը և մրցել իր տարիքից կրկնակի մեծ մարզիկների հետ։
Իսկ ահա ամենատարեց լողորդը եղել է 100 տարեկան․ Ճապոնուհի Միեկո Նագաոկան առաջին էր, որ 100 տարեկանում հաղթահարեց 1500 մետր լողատարածքը երիտասարդների հետ։
Կանայք Օլիմպիական խաղերում սկսել են լողալ միայն 1912 թվականից։ Մինչ այդ, կանանց մասնակցությունը արգելված էր։ Առաջին օլիմպիական ոսկե մեդալը ստացել է ավստրալիացի Ֆանի Դյուրակը։
Իսկ 64-ամյա Դայանա Նյադին հաջողվել է լողալով Կուբայից հասնել Ֆլորիդա։ Նա առաջին էր, որ 166 կիլոմետրը անցավ առանց ընդհատումների։
Նկատե՞լ եք, որ պրոֆեսիոնալ լողորդները միշտ սափրված են։ Պարզվում է՝ նրանք սափրվում են ոչ միայն գեղեցկության համար․ բանն այն է, որ սափրված մաշկն ավելի ճշգրիտ է զգում ջրի ճնշումը, և լողորդը կարողանում է ավելի արագ շարժվել լողալիս։
Երեխաները կարող են լող սովորել դեռ մեկ տարեկանից սկսած։ Հետազոտությունները ցույց են տվել, որ 1–4 տարեկանների շրջանում խեղդվելու ռիսկը նվազում է մինչև 88%, եթե նրանք մասնակցել են լողի դասերին։
Վստահ ենք գիտեք, որ լողալիս մեր բոլոր մկաններն աշխատում են։ Շատերը կարծում են, թե լողալը հեշտ է, բայց իրականում այն ջանքեր է պահանջում, որի արդյունքում մենք ավելի մարզված ենք լինում։
Ամփոփելով մեր հետաքրքիր փաստերը լողի մասին, առաջարկում ենք անցում կատարել և լսել ռադիոռեպորտաժը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մասին։





