
Հոկտեմբերի 19-25-ը Երևանում կանցկացվի 17-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային) փառատոնը։
Հանդիսատեսին սպասվում է հագեցած մեկ շաբաթ` լի անիմացիոն ֆիլմերով, վարպետաց դասերով, բացառիկ նախագծերով ու ոլորտի միջազգային առաջատար մասնագետների հետ հանդիպումներով։ Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին Կինոյի տանը, որին կհաջորդի ֆրանսիացի հայտնի անիմատոր, ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆրանս-բելգիական արտադրության ֆիլմի ցուցադրությունը։ Հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու այս տարվա մրցութային և ոչ մրցութային լավագույն անիմացիոն ֆիլմերը։
Փառատոնի կարևոր բաղադրիչներից է «ՄարԱնի» հարթակը՝ նախատեսված ոլորտի ներկայացուցիչների համար։ Հարթակի շրջանակում հոկտեմբերի 22-24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) տեղի կունենա «ՄարԱնի» ֆորումը, որի ընթացքում առաջատար մասնագետները կփոխանցեն իրենց փորձը և գիտելիքները, կանցկացվեն նաև պանելային քննարկումներ։
Ֆորումի հատուկ հյուրերից են Netflix-ի աշխարհահռչակ «Arcane» սերիալի ստեղծագործական թիմի անդամներ Պասկալ Շարյուն, Սեսիլ Էրգո-Էսեյմը և Օրելիան Ռեսանկուրը։
Փառատոնի շրջանակում «Թումո» կենտրոնի աջակցությամբ առաջին անգամ Հայաստան կժամանի նաև Pixar-ի «Elio» ֆիլմի ռեժիսորներից Մադլեն Շարաֆյանը։ Նա ելույթ կունենա «ՄարԱնի» ֆորումի շրջանակում, ինչպես նաև վարպետության դաս կանցկացնի «Թումո» կենտրոնում։ «Elio» ֆիլմը հատուկ ցուցադրությամբ կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին։
«ՌեԱ»-ի հատուկ հյուրերից է նաև օսկարակիր ռեժիսոր Միքայել Դուդոկ դե Վիտը։ Նա ևս ելույթ կունենա «ՄարԱնի» ֆորումի ընթացքում։ Վարպետի հանրահայտ «Կարմիր կրիան» և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, այդ թվում նաև Օսրկարի արժանացած «Հայրը և դուստրը» ֆիլմը, հատուկ ցուցադրությամբ կներկայացվեն հայաստանյան հանդիսատեսին։
Փառատոնն այս տարի հյուրաշատ է։ Հայաստան է ժամանելու հանրահայտ իտալացի կոմիքս արտիստ, սցենարիստ, ռեժիսոր և իլյուստրատոր Լորենցո Մատոտտին, որը «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի պաստառի հեղինակն է։ Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու Մատոտտիի աշխատանքների ցուցահանդեսին ReA Comics-ի շրջանակում։
Հայաստան է ժամանելու նաև ծագումով հայ մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ Շառլ Բերբերյանը: Հոկտեմբերի 20-ին նա կանցկացնի աշխատարան, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան նրա փորձին և ստեղծագործություններին։
Մյուս սպասված հյուրն իսպանացի ճանաչված կոմիքս արտիստ, իլյուստրատոր և անիմատոր Ֆերմին Սոլիսն է. նա հոկտեմբերի 22-ին կանցկացնի աշխատարան։ Անիմացիոն ֆիլմերի իսպանացի ճանաչված ռեժիսոր և նկարիչ Խավիեր Ռեսիո Գրասիան հոկտեմբերի 24-ին կանցկացնի վարպետության դաս Հայաստանի կինոգործիչների միությունում։
ReA Comics-ի Ազգային մրցույթին ներկայացված են կոմիքսների 15 նախագծեր, որոնց ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-26-ը ՆՓԱԿ-ում։ Ժյուրին կընտրի հաղթող նախագծերը, որոնք կստանան ֆինանսական աջակցություն ԿԳՄՍ նախարարության կողմից։
17-րդ «ՌեԱ» փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:





