Հոկտեմբերը թեժ էր Հայաստանի տեխնոլոգիական կյանքում: Առաջիկա րոպեներին կներկայացնենք «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2025»-ի, «ԴիջիԹեք 2025»-ի և «Silicon Mountains» տեխնոլոգիական գագաթնաժողովի մանրամասները:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ արդեն 9-րդ տարին անընդմեջ իրականացվեց Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական իրադարձություններից մեկը՝ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթը»։ Այն երեք օր շարունակ համախմբեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 1500 մասնագետների, գիտնականների, ուսանողների և նորարարությամբ հետաքրքրված մարդկանց՝ ստեղծելով կապերի, համագործակցության ու փորձի փոխանակման յուրահատուկ հարթակ։
Առաջին օրը մեկնարկեց պաշտոնական բացման և ողջույնի խոսքերով՝ պետական, միջազգային և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Օրվա ընթացքում հնչեցին բանախոսություններ և անցկացվեցին պանելային քննարկումներ՝ Հայաստանի ճարտարագիտական ներուժի, ձեռքբերումների և տեխնոլոգիական ապագայի տեսլականի վերաբերյալ, որտեղ առանցքային թեման էր արհեստական բանականությունը։

Պետական, դիվանագիտական, միջազգային և մասնավոր կառույցների ղեկավար ներկայացուցիչների մասնակցությամբ կայացան հետաքրքիր պանելային քննարկումներ, հետևյալ թեմաներով՝ «Բարձր տեխնոլոգիաների դիվանագիտություն և Հայաստանի ռազմավարական առաջընթացը», «Նորարարական ապագա․ արհեստական բանականությունը և Հայաստանի բարձր տեխնոլոգիական տեսլականը»։
Հաջորդիվ հիմնական բանախոսություններն էին, որոնց առանցքում արհեստական բանականությունն էր և դրա ազդեցությունը ճարտարագիտության ոլորտի վրա՝ «Շրջափուլից մինչև հայտնագործություն․ հուսալի էլեկտրոնիկա AI դարաշրջանում» — ներկայացնում էր «Teledyne e2v»-ում ծրագրերի և ճարտարագիտության տնօրեն Մարկ Իլիոզերը:
Տնտեսագետ, վերլուծաբան, խորհրդատու և գրող Պրանջալ Շարման էլ հանդես եկավ «Բարձր տեխնոլոգիական արտադրության կլաստերի զարգացումը․ Հնդկաստանի փորձը» բանախոսությամբ:

Կայացան նաև երկու զուգընթաց թեմատիկ քննարկումներ՝ նվիրված բարձր տեխնոլոգիական ոլորտի արդիական հարցերին՝ «Արհեստական բանականությամբ կառավարվող ճարտարագիտություն․ Ճշգրտություն, ինքնավարություն, հնարավորություն» և «Բիզնես գործառույթները ճարտարագիտության մեջ․ ազդեցություն տվյալների և արհեստական բանականության միջոցով»:
Երկրորդ օրը մեկնարկեց Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի պաշտոնական բացմամբ՝ ՀՀ վարչապետի մասնակցությամբ։ Ամբողջ օրը այցելուների համար բաց էր ճարտարագիտական ցուցահանդեսի հատվածը, որտեղ ներկայացված էին հայաստանյան ընկերությունների նորարարական լուծումները, գիտահետազոտական նախագծերը և ինժեներական վերջին ձեռքբերումները։ Ցուցահանդեսի շրջանակում այցելուները կարող էին դիտել նաև արվեստի և ճարտարագիտության համադրությամբ ստեղծված յուրահատուկ նմուշներ, ինչպես նաև մասնակցել փորձերի և թեմատիկ աշխատարանների։

Երրորդ՝ երիտասարդական օրը տեղի ունեցավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Ողջույնի խոսքերից ու ելույթներից հետո անցկացվեցին հետաքրքիր բանախոսություններ: Էմմա Սադոյանը հանդես եկավ «Գաղափարից իրագործում՝ եռաչափ տպագրությամբ մետանյութերով ռադիոհաճախականային ոսպնյակ» բանախոսությամբ: Մարիամ Դավթյանը ներկայացրեց «Տեխնո-հումանիտար հավասարակշռություն արհեստական բանականության դարում» թեման, «Տեխնո-մուլտիվերս․ բացահայտի՛ր քո ուղին տեխնոլոգիական ոլորտում» բանախոսությունն էլ վարեց Զարուհի Մկրտումյանը:
Երիտասարդ մասնակիցների համար կազմակերպվեց մասնագիտական կողմնորոշմանը նվիրված ինտերակտիվ քուիզ՝ «Բացահայտի՛ր քո ճարտարագիտական ուղին» խորագրով։ Օրը եզրափակվեց ոչ ֆորմալ շփումներով և գաղափարների փոխանակմամբ՝ միավորելով տարբեր ոլորտների ուսանողների ու մասնագետների։
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2025»-ը ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի՝ որպես տարածաշրջանային ինժեներական և տեխնոլոգիական կենտրոն դերը՝ խթանելով համագործակցությունը գիտության, կրթության, բիզնեսի և պետական կառույցների միջև։

Հոկտեմբերի 10-12-ը տեղի ունեցավ տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ «ԴիջիԹեք 2025»-ը: Տեխնոլոգիական տոնն այս տարի առաջին անգամ անցկացվեց անդադար՝ երեք օր, երեք գիշեր ձևաչափով՝ «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» սկզբունքով: Ցերեկային ժամերին բիզնես հատվածն էր՝ ավանդական ցուցահանդեսով և կոնֆերանսով, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ աննախադեպ մշակութային ծրագիր՝ Տիգրան Համասյանից մինչև Մուրկոֆ։

Բացման իր խոսքում ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ երբ «ԴիջիԹեք»-ը նոր էր մեկնարկում, ինքն առաջին «ԴիջիԹեք»-ի մասնակիցներից էր։ Նա վերհիշեց՝ հիմնադիրների նպատակն ու երազանքն էր, որ տեխնոլոգիական տոնին ներկայանան ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային ընկերությունները, ինչն արդեն իսկ հաջողված պատմություն է։ Եսայանն առանձնահատուկ ընդգծեց, որ այս օրերին «ԴիջիԹեք»-ի շրջանակում ելույթներով հանդես են գալու համաշխարհային առաջատար մասնագետներ։
ԱՏՁՄ համահիմնադիր Հովհաննես Ավոյանը պատմեց տեխնոլոգիական իրադարձության ստեղծման և երկրի ՏՏ ասոցիացիայի ձևավորման պատմության մասին: Նրա խոսքով, DigiTec-ի առաջին միջոցառումները սկսվել են շատ համեստ ձևաչափով՝ ընդամենը 30 ընկերություն փոքր սրահում, բայց արդեն այն ժամանակ երազանք կար այն դարձնել համապետական մասշտաբի միջոցառում:

Այս տարվա «ԴիջիԹեքի» հիմնական շեշտադրումները՝ և՛ ցուցահանդեսային, և՛ աշխատաժողովային հատվածներում հասցեագրել են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի և տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները: 20-րդ հոբելյանն առանձնացավ միջոցառումների և իրադարձությունների աննախադեպ խտությամբ:
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին, գործընկերներին, հովանավորներին և հազարավոր այցելուներին՝ «ԴիջիԹեք 2025»-ը հաջողությամբ կյանքի կոչելու համար։

Բազմաթիվ միջազգային և տեղական ընկերություններ, ներդրումային ֆոնդեր և ոլորտի առաջատար մասնագետներ մասնակցեցին քննարկումներին՝ կիսվելով փորձով և նոր գաղափարներով։
Նշենք, որ «ԴիջիԹեք 2025»-ի ինստիտուցիոնալ աջակիցներն էին Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։ Հիշեցնենք նաև, որ առաջին «ԴիջեԹեքն» անցկացվել էր 2005 թվականին։ Այն մտահղացրել և իրագործել էր տեխնոլոգիական համայնքի անվերապահ առաջնորդ, Առաջատար տեխնոլոգիաների ձեխնոլոգիաների միության երկարամյա տնօրեն լուսահոգի Կարեն Վարդանյանը։

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացավ «Արհեստական բանականության անատոմիա» խորագրով «Silicon Mountains 2025» գագաթնաժողովը, որը դարձել է երկրի առանցքային տեխնոլոգիական հարթակը: Միջոցառումը միավորել էր առաջատար փորձագետներին և ոլորտի առաջնորդներին՝ ցույց տալու, թե ինչ կառուցվածք ունի արհեստական բանականությունը՝ ալգորիթմներից և նեյրոնային ցանցերից մինչև տվյալների հոսքեր և մարդկային փորձառության դերը թվային փոխակերպման մեջ:
ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանն ընդգծեց, որ գագաթնաժողովն անցկացվում է արդեն իններորդ անգամ, իսկ վերջին երկու տարիներին միջոցառումներն առաջին անգամ անցկացվել են նաեւ մարզերում՝ Գյումրիում և Լոռիում: Նա նաև ընդգծեց ավագ դպրոցներում արհեստական բանականության դասավանդման STEP.ai ծրագրի մեկնարկի կարեւորությունը՝ նշելով, որ ծրագիրը 2024 թվականի հոկտեմբերից իրականացվում է երկրի 15 դպրոցներում:
Ծրագրի շրջանակում երեք տարվա ընթացքում աշակերտները խորությամբ ուսումնասիրում են արհեստական բանականությունը՝ սկսելով հիմունքներից։ 10-րդ դասարանում նրանք սովորում են ծրագրավորում Python լեզվով, որը հնարավորություն է տալիս կառավարել համակարգիչները։ 11-րդ դասարանում նրանք ուսումնասիրում են մեքենայական ուսուցում, իսկ 12-րդ դասարանում արդեն կառուցում են իրական ռոբոտներ։

Գագաթնաժողովին մասնակցում էին աշխարհահռչակ մասնագետներ եւ փորձագետներ՝ Analog Devices-ի գլխավոր գործադիր տնօրեն, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2025թ. դափնեկիր Վինսենթ Ռոշը, Flagship Pioneering-ի հիմնադիր և Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Հյուսիսային Ասիայի McKinsey & Company-ի պատվավոր նախագահ Անդրե Անդոնյանը, Nokia-ի Կենտրոնական և Հարավային Եվրոպայի տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչը, տեխնոլոգիական ձեռնարկատեր և գինեգործ Ադամ Կաբլանյանը, Cognaize-ի հիմնադիր Վահե Անդոնյանսը և ոլորտի այլ առաջնորդներ: Նրանք կիսվել են իրենց անձնական փորձով և քննարկել արհեստական բանականության ապագան, գեներատիվ մոդելները, տվյալների կառավարումը և մարդկային փորձառության դերը:

Այսպիսինն էր հոկտեմբերը. տեխնոլոգիական իրադարձություններով գերհագեցած: Այսօր ներկայացրեցինք միայն մի քանի խոշոր միջոցառումները, սակայն այս օրերին Երևանում տեղի են ունենում մի շարք այլ հետաքրքիր ծրագրեր: Դրանց կանդրադառնանք Ռադիոլաբի հետագա թողարկումների ընթացքում:





