Աշխարհում ամեն օր բացահայտում ենք նորը․ սովորում ենք, խաղում ու պարզապես վայելում մեր շուրջը կատարվող ուրախ ու երջանիկ պահերը։ Բայց պետք է ընդունենք, որ աշխարհը նաև անկանխատեսելի է ու չգիտես երբ ու որտեղ ինչպիսի՞ վտանգների կառերեսվես։ Ու հենց այդ պատճառով է կարևոր, որ մենք՝ երեխաներս, դեռ վաղ տարիքից կարողանանք պաշտպանել մեզ։
Ինչպես կռահեցիք՝ այսօր խոսելու ենք ինքնապաշտպանության մասին։ Իսկ թե որքան կարևոր է զարգացնել այդ հմտությունը մեր կյանքում՝ կիմանանք հաղորդման երկրորդ հատվածում, երբ կհյուրընկալենք Total Defense Academy-ի հիմնադիր նախագահ Գևորգ Բաղդասարյանին։
Նախ նշենք, որ ինքնապաշտպանությունը միայն ֆիզիկական ուժի մասին չէ։ Այն մեզ սովորեցնում է վստահ լինել ինքներս մեր ուժերի վրա, ճիշտ գնահատել իրավիճակը և համապատասխան արձագանքել վտանգավոր իրավիճակներին։ Ինքնապաշտպանական հմտությունները ոչ միայն օգնում են պաշտպանվել վտանգներից, այլ նաև մեծացնում ինքնավստահությունն ու հոգեբանական կայունությունը։
Ինչու՞ սովորել ինքնապաշտպանվել․ Ինքնապաշտպանության դասերը զարգացնում են ֆիզիկական պատրաստվածությունը։ Սկսում ենք ավելի արագաշարժ, ճկուն և ուժեղ դառնալ։ Բայց ոչ պակաս կարևոր է հոգեբանական կողմը։ Երբ մենք գիտենք, որ կարող ենք պաշտպանել ինքներս մեզ, ավելի ապահով ենք զգում թե՛ դպրոցում, թե՛ փողոցում։ Եվ դա նվազեցնում է մեր վախերն ու անհանգստությունը՝ հատկապես բուլինգի ժամանակ։ Ինքնապաշտպանության դասերի ընթացքում կարողանում ենք որոշել մեր անձնական տարածքն ու սահմանները, ու նաև հասկանալ, թե երբ կարող է ինչ որ մեկի վարքագիծը վտանգավոր լինել մեզ համար։ Այս ամենը գիտակցելը օգնում է մեզ խուսափել հնարավոր վտանգներից և պաշտպանել ոչ միայն մեզ, այլ հարկ եղած դեպքում նաև մեր ընկերներին։
Կարևոր հմտություն է նաև զգոնությունը։ Աստիճանաբար մենք սովորում ենք նկատել մեր շուրջը տեղի ունեցող մանրուքները, ուշադրություն դարձնել մարդկանց վարքագծին և գնահատել՝ արդյոք ինչ-որ բան վտանգավո՞ր է։ Բացի այդ, ինքնապաշտպանության դասերը սովորեցնում են ոչ թե բռնությամբ պատասխանել, այլ իրավիճակը հանդարտեցնել՝ խոսքով և ճիշտ վարքագիծով։ Միշտ պետք է հիշել, որ ուժը կիրառվելու է միայն ծայրահեղ դեպքում՝ որպես վերջին միջոց։ Ինքնապաշտպանության միջոցով մենք նաև փոխում ենք մեր մտածելակերպը, դառնում ինքնավստահ։ Երբ կկարողանում ենք կատարել ինչ-որ բարդ շարժում կամ հաղթահարել մեր ունեցած վախերը, դրանք մեզ օգնում են հավատալ մեր ուժերին։
Եվ վերջին կարևոր հմտությունը համբերությունն է, որը նույնպես հնարավոր է ձեռք բերել կանոնավոր վարժանքների շնորհիվ։ Այս գիտելիքները իսկապես փոխում են վերաբերմունքը աշխարհի հանդեպ՝ դարձնելով մեզ ավելի հանգիստ, զգոն ու հավասարակշռված մարդ։





