Զարթուցիչ

Մուլտաշխարհի հայտնի կերպարներից մեկի՝ Միկի Մաուսի տարեդարձն է. Զարթուցիչ

Գիտե՞ք, որ այս օրն է ծնվել մուլտֆիլմերի պատմության ամենահայտնի կերպարներից մեկը՝ Միկի Մաուսը։ Տարիների ընթացքում Միկին ոչ միայն Դիսնեյի խորհրդանիշը դարձավ , այլ նաև միլիոնավոր երեխաների ուրախությունն ու շատ սիրելի մուլտհերոսը։

Միկի Մաուսի կերպարն առաջին անգամ հայտնվել է 1928 թվականի նոյեմբերի 18-ին՝ Steamboat Willie մուլտֆիլմում։ Ի դեպ, մուլտֆիլմը այդ ժամանակի համար իսկական հեղափոխություն էր, որովհետև դարձավ առաջինը, որտեղ ձայնն ու պատկերը համադրված էին։ 

Սա ամբողջ աշխարհում ստեղծեց  մի նոր մշակույթ, որից հետո   Միկին դարձավ ոչ միայն Դիսնեյի, այլև՝ անհոգ մանկության խորհրդանիշը։ Քչերին է հայտնի, բայց Միկիի ձայնը հենց Վոլթ Դիսնեյինն էր։ Ստացվում է՝ Դիսնեյը ոչ միայն ստեղծեց այս կերպարը, այլ նաև՝ մոտ տասը տարի շարունակ խոսեց նրա փոխարեն։ Ուոլթ Դիսնեյն ասում էր, որ Միկին իրեն հիշեցնում է այն կերպարը, որն ինքը կցանկանար լինել՝ լավատես, համառ և երբեք չհանձնվող։

Եվս մի հետաքրքիր փաստ․ Միկի Մաուսը սկզբում ոչ բոլորին էր դուր գալիս։ Հին մուլտֆիլմերում նա շատ ակտիվ էր, երբեմն, նույնիսկ, չարաճճի։ Բայց հենց դա էլ նրա առանձնահատկությունն էր՝ էներգիան ու դրական տրամադրությունը։ 

Ժամանակի ընթացքում Միկին հայտնվեց հազարավոր մուլտֆիլմերում, տեսախաղերում, ֆիլմերում ու նույնիսկ Օսկարի դափնեկիր դարձավ՝ դառնալով նաև Դիսնեյի խորհրդանիշը։ Մուլտաշխարհում տեղի ունեցող այս փոփոխություններն այնքան գրավիչ էին, որ Միկիի կերպարով ստեղծվեցին զանազան ապրանքներ։ Օրինակ՝ Միկի Մաուսի առաջին՝ մկնիկային ականջներով շապիկը վաճառվել է դեռևս 1930-ականներին․․․ պատկերացնո՞ւմ եք․․․։ Մեր օրերում Միկին արդեն ոչ միայն մուլտֆիլմի հերոս է, այլև՝ փոփ-մշակույթի խորհրդանիշ։ Նրան կրում են շապիկների վրա, տեսնում ենք նորաձևության հավաքածուներում ու, նույնիսկ, հայտնի մարդիկ են օգտագործում Միկիի պատկերները՝ որպես մանկության հիշողություն։

Իսկ գիտեի՞ք, որ Միկի Մաուսը նաև համարվում է առաջին մուլտֆիլմային կերպարը, որը 1978 թվականին աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Այսինքն՝ նույնիսկ կինոյի ամենափայլուն աշխարհում նրան չեն մոռացել։

Բայց նոյեմբերի 18-ը միայն մուլտաշխարհի օրը չէ։ Այսօր նշվում է նաև Անտառային խնձորի հյութի օրը։ Տարբեր մշակույթներում խնձորի հյութը   աշնան խորհրդանիշ է համարվում։ Այն պատրաստվում է թարմ խնձորներից՝ առանց շաքարի ու այլ հավելումների, և շատ երկրներում համարվում է ջերմության, հյուրասիրության ու ընտանիքի խորհրդանիշ։

Պատրաստման ամենահին ձևը  պահպանվել է դեռ հռոմեական աղբյուրներում։ Նրանք խնձորը քամում էին և թողնում, որ բնական ձևով խմորվի՝ ստանալով թեթև, օշարակային խմիչք։ Դա օգտագործվում էր տաք օրերին թարմանալու իսկ ցուրտ երեկոներին՝ տաքանալու համար։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում խնձորի հյութը դարձել է աշնան անբաժանելի մասը։ Այն հաճախ պատրաստում են դարչինով, մեխակով կամ նարնջի կեղևով՝ հիմնականում մատուցելով տաք վիճակում։ 

Մեզ մոտ նույնպես տաք խնձորի հյութը շատ է սիրվել։ Այն կարելի է փորձել ոչ միայն սրճարաններում, այլև՝ տանը, եթե ինքներս էլ պատրաստենք։ Ի դեպ, բաղադրատոմսն այնքան էլ բարդ չէ։

Կարելի է ասել, որ այս երկու տոներն էլ մեզ հիշեցնում են մանկությունը։ Երկուսն էլ մանկության խորհրդանիշներ են․․․ և․․․իրոք ինչ է պետք ուրախանլու համար՝ տաք խնձորի հյութ և սիրելի մուլտֆիլմ։ Միկի Մաուսը հենց պարզ ուրախությունների մասին է, իսկ խնձորի հյութը՝ մանկության համի։ Ստացվում է՝ երջանկությունը հենց ամենապարզ բաների մեջ է՝ ծիծաղի, ընկերության ու տաք խնձորի հյութի։

Ցուցադրել ավելի
Back to top button