Զարթուցիչ

Ձմեռային կախարդանք. նոր գրքեր, թանգարանային ծրագրեր և գլխավոր տոնածառի լույսերը

Այսօր Անուշահացե տնակ պատրաստելու օրն է: Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել նորվեգացի գրող Մարիա Փարիի «Չարաճճի Թունյե Գլիմերդալը» գիրքը, իսկ թանգարաններն արդեն պատրաստվում Ամանորին նվիրված կրթական ծրագրերին։

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն օրինակ՝ դեկտեմբերի 19-ին, 6-12 տարեկան երեխաներին հրավիրում է մասնակցելու «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» մանկական ստեղծագործական ծրագրին, որն այս տարի նվիրված կլինի Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կպատրաստեն խաղալիքներ և դրանցով կզարդարեն Ամանորի յուրօրինակ ծառը:

Իսկ ահա Երևան քաղաքի պատմության թանգարանում կանցկացվի «Ասպետը և արքայադուստրը» կրթական ծրագիրը։ Մասնակիցները կծանոթանան, թե ինչպե՞ս էին հին Երևանում զարդարում տոնածառը, ի՞նչ տիկնիկներ էին պատրաստում ամանորից առաջ, կբացահայտեն նաև հայկական ծիսական տիկնիկների՝ Ուտիս տատի, Ակլատիզի և այլ ծիսական տիկնիկների պատմությունը։ Ծրագրի շրջանակում կկայանա նաև խաղ և ճիշտ պատասխանելով հարցերին, մասնակիցները կկարողանան ազատել արաքայադստերը գերությունից։

Այս կիրակի էլ՝ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20-ին Երևանի քաղաքապետարանը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությանը։ «Եկեք միասին մեկնարկենք ամանորյա հեքիաթը՝ վառելով Երևանի գլխավոր տոնածառի լույսերը՝ ազդարարելով ամենահեքիաթային, ամենասպասված և ամենասիրելի տոնը» ասված է քաղաքապետարանի ուղերձում։

Դե, իսկ վաղը չենք մոռանում հետևել «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային երգի մրցույթին ու աջակցել մեր մասնակցին ՝ Ալբերտ Արմենակյանին։ Հիշեցնենք, որ Եվրատեսիլի բեմում նա կատարելու է «Brave Heart» երգը, որի տեսահոլովալը յութուբում արդեն 1 միլիոնից ավելի դիտում ունի։ Հաջողություն ու լավ ելույթ ենք մաղթում Ալբերտին։

Ցուցադրել ավելի
Back to top button