Զարթուցիչ

«Սիմփսոններ»-ից մինչև թանգարաններ․ ինչ դիտել ու ինչ բացահայտել Ամանորին

«Սիմփսոններ» մուլտսերիալը, որը, վստահ ենք, գոնե մեկ անգամ դիտել եք, ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ ամենաերկար անիմացիոն մուլտսերիալն է, և այն, առաջին անգամ ցուցադրվել է 1989 թվականի դեկտեմբերի 17-ին։ Բաղկացած է 799 սերիայից և այսօր էլ շարունակում է ցուցադրվել աշխարհի հեռուստաէկրաններին։ Ավելին՝ այս տարվա սեպտեմբերին կայացավ սերիալի 37-րդ եթերաշրջանի պրեմիերան։ Ահա այսքան երկար կյանք ունի «Սիմփսոններ» մուլտֆիլմը, որտեղ ներկայացվում է ամերիկացիների առօրյան և շոշափվում են հասարակական ու մշակութային բազմաթիվ թեմաներ։

Ասենք նաև, որ 1998 թվականին Time ամսագիրը «Սիմփսոններ»-ը ճանաչել է 20-րդ դարի լավագույն հեռուստասերիալ: Ու, թեպետ, մուլտֆիլմի ցուցադրությունն արգելված է Ամերիկայի որոշ նահանգներում, բայց այն իր գոյության ընթացքում 21 անգամ արժանացել է հեղինակավոր «Էմմի» մրցանակի:

Ձեզ խոստացել էինք պատմել նաև, թե Ամանորին նվիրված ինչ կրթական ծրագրեր են պատրաստել երևանյան թանգարանները։ Դեկտեմբերի 26-ին, օրինակ՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կարող ենք ծանոթանալ ամանորի հինավուրց ծեսերին, Նոր տարվա երգեր կսովորենք, տարեհացի գաթա կթխենք ու այլ հետաքրքիր գործերով կզբաղվենք։

Հայաստանի ազգային պատկերասրահում էլ կարող ենք մասնակցել «Ամանորի խորհուրդը» կրթական ծրագրին։ Հանդիպմանը մեր ձեռքով տոնական բացիկներ ու խաղալիքներ կպատրաստենք, ինչպես նաև կծանոթանանք Ամանորի խորհրդին՝ սկսած հին ժամանակներից մինչև մեր օրեր։

Ամանորին նվիրված կրթական ծրագիր է պատրաստել նաև Ռուսական արվեստի թանգարանը։ Այստեղ ևս կծանոթանանք Ամանորի գաղտնիքներին, հուշանվերներ կպատրաստենք ու կզարդարենք տոնածառը։ Նշենք, որ ծրագիրը կանցակցվի դեկտեմբերի 22-ին և 23-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button