Զարթուցիչ

«Երկնագույն նետը» բեմում․ մանկական հեքիաթ՝ Ամանորյա հրաշքով․ Զարթուցիչ

Դե, էլ ինչի՞ մասին է լինելու մեր հաղորդումը, եթե ոչ Ամանորի ու Ամանորի հրաշքների։

Դրա համար այցելել ենք Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, ներկա ենք գտնվել «Երկնագույն նետը» մանկական ներկայացման պրեմիերային ու զրուցել բեմադրության հեղինակ՝ Գոհար Փոքրիկյանի ու նաև դերասանական անձնակազմի հետ։  

Ջանի Ռոդարիի «Երկնագույն նետի ճանապարհորդությունը»  հեքիաթը բեմադրիչ Գոհար Փոքրիկյանին դեռ շատ վաղուց է գրավել։ Նա պատմում է, որ հարմար ժամանակի է սպասել այն բեմականացնելու համար։

Սյուժեի փոփոխությունների մասին բեմադրիչը չուզեց բարձրաձայնել, միայն նշեց, որ ավելացրել է բացասական կերպարներ՝ սրելով կոնֆլիկտը պատմությունում։

Ինչի՞ մասին է սյուժեն՝ բարություն գործելու և երբեք չվհատվելու։ Բեմադրիչը հենց սա է փորձել ներկայացնել հանդիսատեսին։

Խոսել ենք նաև դերասանական կազմի հետ։ Երկնագույն նետում՝ գնացքի մեքենավարի հերոսին կերպարանավորող Մեսրոպը կարծում է, որ բարությունը փոխում աշխարհը։

Արաքսյա Մելիքյանը այս ներկայացման բարի փերին է։ Ասում է՝ արագ ընթացող աշխարհում չես կարող երեխային սև, քառակուսի բեմով զարմացնել։ Արաքսյան նշում է՝ ներկայացման մեջ իր սիրելի հատվածը իմպրովիզային հատվածն է։

Տաթևիկ Միրզոյանն էլ մարմնավորում է տիկնիկին։ Նշում է՝ մանկական ներկայացումների մասնակցել է, բայց ոչ երբեք տիկնիկի դերում։ Տաթևիկը նաև պատմում է, թե ո՞րն է սցենարում իր ամենասիրելի հատվածը և ո՞ր հատվածում է նա փշաքաղվում ու հուզվում։ 

Շնորհակալություն «Երկնագույն նետի»  ներկայացման հեղինակներին ու դերասաններին՝ հետաքրքիր զրույցի համար։ Իսկ ձեզ առաջարկում ենք այս ներկայացումը ներառել ձեր ամանորի ծրագրերում։ Ձմեռային արձակուրդի հերթական օրը կդարձնեք ավելի ուրախ ու հետաքրքիր։

Եվ ամենակարևորը՝ չմոռանաք Ամանորի  հրաշքի մասին ու շարունակեք երազել․ միայն այդ դեպքում դրանք կդառնան իրականություն։

Ցուցադրել ավելի
Back to top button