«Բվիկ» կրթական հիմնադրամի կազմակերպած «Թռիչք գրքի թևերով» և «Դեպի թռիչք» խորագրերը կրող ընթերացանության մրցույթների մասին ձեզ արդեն պատմել ենք և խոստացել, որ անպայման մեր եթերում հանդիպելու ենք նաև մրցույթի հաղթողների հետ։ Այսօր հենց այդ հանդիպման օրն է։
Մեզ հյուր են եկել «Թռիչք գրքի թևերով» մրցույթի առաջին մրցանակակիր, Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի աշակերտուհի Մարի Անդրանիկյանը, երրորդ մրցանակակիր, մրցույթի մեկնարկի ժամանակ Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի աշակերտուհի, իսկ այժմ ուսանողուհի Անահիտ Վարդանյանը և «Դեպի թռիչք» մրցույթի երրորդ մրցանակակիր, «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի 8–րդցի Մարիա Մուրադյանը։
«Ստացվեց այնպես, որ դուք մեր ծրագրի տարեվերջյան հաղորդման մասնակիցներն եք, և քանի որ տարեվերջը տարին ամփոփելու և նոր տարվա մասին երազելու, նոր տարվա անելիքների մասին մտածելու ժամանակ է, հենց ձեզ հետ կզրուցենք այն մասին, թե ինչպես եք ավարտում 2025–ը և ինչ եք սպասում 2026–ից»,–այս հարցով սկսեցինք մեր զրույցը։





