Տարվա ամենասպասված, ամենաջերմ ու ամենահեքիաթային օրն ենք դիմավորում միասին ու սկսում դեկտեմբերի 31-ի մեր տոնական, ուրախ հաղորդումը։ Հին տարին արդեն ճամպրուկներն է հավաքում, իսկ Նորը՝ ճանապարհին է՝ նոր ծրագրերով ու նաև մեծ ու փոքր հնարավորություններով։
Այո․․․․ժամացույցի սլաքները մեզ մոտեցնում են 2026 թվականին։ Ու մեզ մնում է հավատալ, որ հենց այս գիշեր ու հենց այս Ամանորին է կատարվելու մեր ամենամեծ ու նվիրական ցանկությունը։ Մեկի համար այն գուցե շնիկ ունենալն է, մյուսի համար ճամփորդելը, մեկ ուրիշի համար գուցե սիրահարվելը, մյուսի համար էլ՝ նոր հեռախոսը․․․
Բայց եկեք չմոռանանք, որ Ամանորի անակնկալները միայն նվերի տուփի մեջ չեն թաքնված։ Կարևորն այն է, որ մեր կողքին են հարազատ ու սիրելի մարդիկ․․․
Ի դեպ, այսօր ամանորյա շատ զվարճալի խաղ ենք խաղալու ու վստահ ենք, որ մի լավ ծիծաղելու ենք։ Նաև նամակներ ենք գրելու Ձմեռ պապին ու դրանք կարդալու ենք եթերում։ Իսկ էլենը, որը վարում է Ռադիո Արևիկի «Համեղ բրդուճ» հաղորդումը, մեզ սովորեցնելու է ամանորի համեղ կոկտեյլ պատրաստել և ըմպել․․․ասենք․․․ «Տանը մենակ» ֆիլմը դիտելու ժամանակ։
Մինչ այդ, քանի որ բոլորս միասին ենք, կամփոփենք 2025 թվականը։ Կպատմենք, թե որն էր տարվա ամենաուրախ օրը, ինչ կարևոր բան սովորեցինք այս տարի, ինչ հետաքրքիր հանդիպում ունեցանք 2025-ին և որն էր տարվա լավագույն անակնկալը։
Թող կատարվեն բոլորիս երազանքներն ու ցանկությունները և թող Նոր տարին մեզ բերի ուրախություն ու երջանկություն։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Կհանդիպենք արդեն 2026 թվականին։ Ռադիո Արևիկի սիրելի ունկնդիրներ, շնորհակալ ենք, որ Ռադիո Արևիկի հետ էիք ողջ տարին՝ 365 օր։





