Զարթուցիչ

Նոր տարի, նոր նպատակներ․ ինչպես դնել նպատակներ ու հասնել դրանց. Զարթուցիչ

Նոր տարին, կարծես, նպատակների իրագործման սկզբնակետ լինի․ բոլորը խոսում են փոփոխություններից, նոր նպատակներից ու «նոր ես»-ից։ Բայց նպատակ դնելը չպետք է մեզ ճնշի։ Դա պարզապես հնարավորություն է՝ կյանքի ղեկը մեր ձեռքը վերցնելու համար։

Վստահ ենք՝ կհամաձայնեք, որ յուրաքանչյուր Նոր տարի խոստումնալից է թվում։ Եվ այս տարին էլ բացառություն չէ․ բոլորս էլ ունենք նոր նպատակներ ու երազանքներ, որոնց անպայման փորձելու ենք հասնել։ Այսօրվա մեր եթերը նվիրել ենք հենց այդ թեմային, ինչպե՞ս դնել ճիշտ ու երկարաժամկետ նպատակներ, որոնց հասնելը իրատեսական ու հնարավոր լինի։

13-ից 16 տարեկանում շատ բան է փոխվում մեր կյանքում, և դա նորմալ է։ Ոչ ոք չպետք է պահանջի, որ մենք հիմա հստակ իմանանք՝ որտեղ ենք պատկերացնում մեզ ապագայում կամ ինչով ենք զբաղվելու։ Բայց նպատակ դնելը մեզ օգնում է կողմնորոշվել ու հասկանալ՝ ի՞նչն է մեզ համար կարևոր հենց այս պահին։

Հիշեք՝ նպատակը պարզապես վերջնակետը չէ։ Շատերը մտածում են՝ «դե, նպատակը դրեցի ու վերջ»։ Բայց իրականում կարևորը ոչ թե ցանկությունն է, այլ դրան հասնելու ճանապարհը։
«Atomic Habits» գրքի հեղինակը մի հրաշալի օրինակ է բերում։ Նա ասում է՝ նպատակը նավի ղեկն է, որը ցույց է տալիս, թե ուր պետք է գնալ։ Բայց նավը տեղից շարժվում է միայն թիակների օգնությամբ։ Այդ «թիակներն» էլ մեր ամենօրյա փոքրիկ քայլերն ու սովորություններն են։

Օրինակ՝ եթե նպատակը լավ սովորելն է, ուրեմն մեր «թիակները» կարող են լինել ամեն օր 30 րոպե կարդալը, դասին ավելի ուշադիր լինելը կամ պարզապես ուսուցչին հարցնելը այն, ինչը չենք հասկացել։ Նույնը սպորտում․ նպատակը ոչ թե վերացական «լավ մարզավիճակն» է, այլ կոնկրետ գործողությունը՝ շաբաթական երկու կամ երեք անգամ մարզվելը։

Շատ հաճախ մարդիկ դնում են չափազանց մեծ ու անհասանելի նպատակներ, օրինակ՝ «այս տարի ամեն ինչում լավագույնը կլինեմ»։ Իսկ հետո, երբ դա չի ստացվում, հիասթափվում են։
Դրա համար նպատակները պետք է լինեն իրատեսական։ Այստեղ օգնության է հասնում SMART մեթոդը։ Ըստ դրա՝ նպատակը պետք է լինի հստակ, չափելի, հասանելի և ամենակարևորը՝ իրագործման համար սահմանվի հստակ ժամկետ։

Իսկ հաղորդման վերջում կլսենք, թե ի՞նչ նպատակներ են դրել մեր հասակակիցները և ինչպե՞ս են պատրաստվում դրանց հասնել։  

Նոր տարին պարզապես լավ առիթ է՝ կանգ առնելու և նոր փորձեր անելու համար։ Հիշե՛ք՝ նպատակ դնելը հմտություն է, որը զարգանում է միայն գործելով՝ փորձելով ու նաև․․․ սխալվելով։

Ցուցադրել ավելի
Back to top button