
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում բացվել է համաստեղծման (co-creation) նոր լաբորատորիա։ Կենտրոնը նպատակ ունի ոգևորել դեռահասներին և երիտասարդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով ժամանակակից գործիքները, տրամադրելով մենթորական աջակցություն և համատեղ զարգացման հնարավորություններ։
Այն թվով երկրորդն է՝ 2024 թվականի ապրիլին Սիսիանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործընկերությամբ հիմնված լաբորատորիայից հետո։
Նորաբաց կենտրոնը փորձնական փուլում արդեն ընդունել է 70 երիտասարդի՝ իրազեկման միջոցառումների և ներածական դասընթացների շրջանակում։ Ակնկալվում է, որ առաջիկայում այն տարեկան կսպասարկի ավելի քան 100 դեռահասի և երիտասարդի՝ առաջարկելով հմտությունների զարգացման շարունակական ծրագրեր, թվային գրագիտության աշխատարաններ և գործնական նախագծերի մշակման հնարավորություններ։
Որպես տարածաշրջանային նորարարական և ձեռնարկատիրական կենտրոն՝ Ագարակի համաստեղծման լաբորատորիան դեռահասներին, ուսանողներին և ստարտափներին տրամադրում է մի միջավայր, որտեղ կարելի է մշակել գաղափարներ, փորձարկել և զարգացնել դրանք՝ գործնական լուծումների ճանապարհով։ Մասնակիցները կունենան ոչ ֆորմալ կրթություն ստանալու, ոլորտի մասնագետների հետ աշխատելու, ինչպես նաև իրենց հասակակիցների հետ համագործակցելու հնարավորություն՝ ստեղծարար, տեխնոլոգիական և ձեռնարկատիրական նախաձեռնությունների շուրջ։





