Այսօրվա մեր եթերը նվիրել ենք թենիսին և դրա պատմությանը։ Հաղորդման թեման ընտրելիս շատ ոգևորվել ենք Անթալիայում տեղի ունեցող ITF W35 մրցաշարում մասնակցող 14 ամյա Մարիա Ազիզյանի հաղթանակով, որի հետ էլ հաղորդման վերջում կզրուցենք հեռակա։ Նա մեզ կպատմի՝ ինչպե՞ս է ընթանում թենիսի մրցաշարը ու ի՞նչ հաջողություններ ունեն հայ թենիսիստները։
Բայց սկզբում՝ ծանոթանանք թենիսի մասին հետաքրքիր փաստերի։
Փաստ 1. Թենիսը որպես սպորտ ձևավորվել է դեռևս 12-րդ դարում, Ֆրանսիայում: Այն ժամանակ խաղը կոչվում էր «paume» կամ «palm» և խաղում էին գնդակը ձեռքով հետ ու առաջ հարվածելով։ Ժամանակի ընթացքում խաղացողները սկսեցին օգտագործել սև կաշվից պատրաստված ձեռնոցներ, հետո ձեռնոցին ավելացավ բռնակ, և այդպես ստեղծվեց առաջին ռակետը։
Սկզբում խաղը տարածված էր վանականների շրջանում։ Նրանք թենիս խաղում էին հիմնականում տոն օրերին։ 14-րդ դարում խաղը մեծ տարածում գտավ ամբողջ Եվրոպայում և սկսեց զարգանալ ու փոփոխվել։
Փաստ 2. Որտեղի՞ց է առաջացել «թենիս» բառը: Ենթադրվում է, որ «թենիս» բառը առաջացել է ֆրանսերեն «tenez» բառից, որը նշանակում է «ուշադրություն դարձրու»։ Վանականները խաղի ընթացքում գնդակը նետելիս բարձրաձայն ասում էին «tenez», և բառը, ժամանակի ընթացքում, դարձավ խաղի անվանումը։
Փաստ 3. Սկզբնական շրջանում թենիսի գնդակները պատրաստվում էին փայտից։ Միայն ավելի ուշ սկսեցին օգտագործվել հատուկ նյութեր, որոնք գնդակին թույլ էին տալիս ավելի «լավ ցատկել»։
Փաստ 4. Ինչպե՞ս են առաջացել 15, 30 և 40 միավորները թենիսում: Թենիսի միավորները շատերին տարօրինակ են թվում։ Ըստ մի վարկածի՝ այն առաջացել է միջնադարյան Ֆրանսիայում, որտեղ հաշիվը փոխում էին ժամացույցի սլաքով՝ ձեռքով։ Յուրաքանչյուր միավորի դեպքում սլաքը շարժում էին 15, հետո 30, հետո 45 րոպեի վրա։ Հաղթանակը գրանցվում էր 60-ի դեպքում։ Քանի որ խաղացողը պետք է հաղթեր երկու միավորի տարբերությամբ, 45-ը հետագայում փոխվեց 40-ի։
Փաստ 5.Անգլիայի Թագավոր Հենրի VIII-ը ուներ թենիսի կորտ։ Թագավորն այն կառուցել էր Համփթոն Քորթ պալատում։ Թեև սկզբնական կորտը չի պահպանվել,բայց ավելի ուշ՝ 1625 թվականին կառուցված նմանատիպ մի կորտ պահպանվել է մինչ օրս և այսօր էլ օգտագործվում է որպես թենիսի խաղադաշտ։ Այդ ժամանակ թենիս խաղում էին հիմնականում թագավորական ընտանիքի անդամներն ու հարուստ մարդիկ։
Փաստ 6. 1873 թվականին մայոր Ուոլթեր Վինգֆիլդը ստեղծեց թենիսի մի տարբերակ, որը կարելի էր խաղալ բացօթյա՝ խոտածածկի վրա։ Նա խաղը անվանեց «Sphairistike», որը հունարեն նշանակում է «գնդակով խաղ»։ 1874 թվականին ԱՄՆ-ում անցկացվեց առաջին խոտածածկ թենիսի մրցաշարը, և այդ պահից թենիսը սկսեց նմանվել այն խաղին, որը մեզ այսօր ծանոթ է։
Փաստ 7. Օլիմպիական խաղերում թենիսը, որպես մարզաձև, ընդգրկվել է 1896 թվականին։ Իսկ մեկ տարի անց՝ 1897 թվականին, Ֆրանսիայի առաջնության խաղին թույլատրեցին մասնակցել նաև կանանց։
Թենիսի շուրջ մեր թեման հեռախոսակապով շարունակելու ենք թենիսիստ Մարիա Ազիզյանի հետ․ հիշեցնենք, որ նա այժմ գտնվում է Անթալիայում և մասնակցում է ITF W35 մրցաշարին։ Նրա հետ խոսելու ենք ոչ միայն ընթացող մրցումների, այլ նաև այն մասին թե ինչպես է սկսվել նրա ճանապարհը թենիսի աշխարհում։





