Այսօր հունվարի 20-նն է և օրացույցից տեղեկանում ենք, որ այսօր Պանրի սիրահարների համաշխարհային օրն է։ Իսկ դուք սիրո՞ւմ եք պանրային ուտեստներ։
Եթե կա մի մթերք, որը միավորում է գրեթե բոլոր ազգերի մշակույթներն ու ճաշակները, ապա դա, հավանաբար, պանիրն է։ Ի դեպ, պանիրը աշխարհի ամենահին մթերքներից մեկն է։ Որոշ մասնագետներ կարծում են, որ այն ստեղծվել է մոտ 7000 տարի առաջ։
Այսօր աշխարհում գոյություն ունի ավելի քան 2000 տեսակի պանիր, և ամեն երկիր ունի իր «հպարտանալու բաժինը»։ Օրինակ՝ Ֆրանսիան հայտնի է պանրի ավելի քան 400 տեսակով, Իտալիան՝ պարմեզանով ու մոցարելլայով, իսկ Շվեյցարիան առանձնանում է իր հայտնի՝ անցքեր ունեցող պանիրներով։
Ձեզ մի քանի հետաքրքիր փաստ էլ ներկայացնենք։ Օրինակ՝ գիտեի՞ք, որ, թեև պանրային տեսականիով հայտնի է Ֆրանսիան, բայց աշխարհում ամենաշատ պանիր օգտագործող երկիրը Ֆրանսիան չէ, այլ՝ Գերմանիան։ Միջին հաշվով՝ մեկ գերմանացին տարեկան ուտում է մոտ 25 կիլոգրամ պանիր։
Պանիրը նաև «տրամադրություն բարձրացնող» մթերք է։ Այն պարունակում է տրիպտոֆան, որը նպաստում է սերոտոնինի՝ լավ տրամադրության հորմոնի արտադրությանը։ Պանրի սիրահարների համար այսքանն էինք պատրաստել, բայց օրացույցում կա ևս մի հետաքրքիր իրադարձություն, որին արժե անդրադառնալ։
Այսօր նաև Պինգվինների մասին իրազեկման օրն է։ Դուք է՞լ եք մեզ պես անմիջապես մտաբերում Պինգվինաշեն հայկական մուլտֆիլմը։ Այս փոքրիկ ու զվարճալի թռչունների մասին փաստերը ևս չեն դադարում զարմացնել։
Պինգվիններն իրականում բնությանն ամենահարմարված կենդանիներից են։ Այս թռչունները չեն թռչում, բայց ջրում լողում են ավելի արագ, քան՝ ձկների շատ տեսակներ։ Ջրում կարողանում են զարգացնել մինչև 36 կմ/ժ արագություն։ Ի դեպ, պինգվինների որոշ տեսակներ կարող են սուզվել մինչև 500 մետր խորություն և շունչը պահել ավելի քան 20 րոպե։ Պատկերացնո՞ւմ եք։
Այսօր աշխարհում կա 18 տեսակի պինգվին, և դրանց մեծ մասը ապրում է ոչ թե հենց Անտարկտիդայում, այլ՝ Հարավային կիսագնդի տարբեր հատվածներում և նույնիսկ Աֆրիկայում։ Օրինակ՝ Աֆրիկայում ապրող պինգվինները լողում են օվկիանոսում՝ բառացիորեն քաղաքների կողքով անցնելով։
Պինգվինների իրազեկման օրը մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է կլիմայի փոփոխության, սառույցների հալման և օվկիանոսների աղտոտման մասին։ Այս խնդիրներն ուղղակիորեն վտանգում են թե՛ պինգվինների, թե՛ մյուս կենդանատեսակների գոյությունը։





