Այսօր Ձեզ համար առանձնացրել ենք հայ հայտնի 5 նկարիչների․ մարդկանց, որոնք կտավի վրա կարողացել են պատմել պատմությունը, ցավն ու ուրախությունը, նպատակներն ու երազանքները։ Նրանց նկարները պարզապես գեղեցիկ պատկերներ չեն․ դրանք մտածելու, զգալու ու հարցեր տալու առիթ են։
Այսօր նաև խոսելու ենք «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսից և զրուցելու ենք կազմակերպչական թիմի անդամ Ալլա Պողոսյանի հետ։
Երբ խոսում ենք ծովանկարչության մասին, անհնար է չհիշել Հովհաննես Այվազովսկուն։ Հայ մեծագույն ծովանկարիչը ծնվել է Թեոդոսիայում՝ աղքատ ընտանիքում, ու դեռ 12 տարեկանում ածուխով նկարում էր տան պատերին։ Դե պատկերացրեք՝ ընդամենը մի քանի տարի անց նա արդեն ճանաչված նկարիչ էր Եվրոպայում և անգամ կտավներ էր ստեղծում Հռոմի Պապի համար։
Այվազովսկին հեղինակել է շուրջ 6000 կտավ։ Նրա «Իններորդ ալիք»-ը, «Սև ծովը» ու բազմաթիվ փոթորկային տեսարաններ այսօր պահվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում։ Նա բացառիկ տեսողական հիշողությամբ կարողանում էր ծովի ուժն ու տրամադրությունը փոխանցել այնպես, կարծես ալիքները հենց հիմա պիտի դուրս գան կտավից։
Հայ ժամանակակից գեղանկարչության հիմնադիր Մարտիրոս Սարյանը այն նկարիչն է, ում անունը հաճախ նույնացվում է գույնի հետ։ Նա ծնվել է 1880 թվականին և դեռ մանկուց մեծ սեր է ունեցել բնության նկատմամբ։ Սարյանն առաջիններից էր, որը համարձակորեն հրաժարվեց հին կանոններից ու ստեղծեց իր սեփական՝ «սարյանական» գեղանկարչական լեզուն։
Նրա գործերում գույները պայթում են կյանքով ու արևով։ Սարյանը ստեղծել է ավելի քան 3000 աշխատանք՝ բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։ Նա մեծ դեր է ունեցել նաև Հայաստանի մշակութային կյանքի ձևավորման մեջ՝ ապրելով ու ստեղծագործելով Երևանում։ Սարյանի արվեստը ոչ միայն ազգային է, այլ նաև համաշխարհային։
Մինաս Ավետիսյանը 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենազգացմունքային և դրամատիկ նկարիչներից մեկն է։ Նա ծնվել է Ջաջուռում և ամբողջ կյանքում մնացել է կապված իր ծննդավայրի հետ։ Նրա նկարներում հաճախ տեսնում ենք հենց Ջաջուռը՝ տները, լեռները, մարդկանց։
Մինասի արվեստին բնորոշ են տաք ու հզոր գույները, որոնք երբեմն լուսավոր են, երբեմն՝ ցավով լցված։ Մոր վաղ կորստից հետո մոր կերպարը մշտապես ներկա է նրա ստեղծագործություններում։ Իր ընդամենը 15 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում Մինասը հասցրել է ստեղծել հարյուրավոր կտավներ, գծանկարներ ու մեծածավալ որմնանկարներ Երևանում ու Գյումրիում։
Արշիլ Գորկին՝ իրական անունով Ոստանիկ Ադոյան, համարվում է արևմտյան ժամանակակից արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Նա ծնվել է Վանում, իսկ ցեղասպանությունից հետո հայտնվել է ԱՄՆ-ում, որտեղ էլ ձևավորել է իր ինքնատիպ ոճը։
Սկզբում Գորկին ներշնչվել է եվրոպական մեծ վարպետներից, բայց ժամանակի ընթացքում ստեղծել է իր սեփական գեղարվեստական լեզուն՝ անցնելով աբստրակտ նկարչության։ Նրա հայտնի «Նկարիչն ու իր մայրը» կտավը համարվում է ոչ միայն անձնական, այլև ամբողջ մի ժողովրդի հիշողության խորհրդանիշ։ Այսօր Գորկու աշխատանքները ցուցադրվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում։
Վարդգես Սուրենյանցը հայ ազգային պատմանկարչության հիմնադիրն է։ Նա ծնվել է Ախալցխայում և կրթություն ստացել Եվրոպայում, բայց իր ամբողջ ստեղծագործությամբ կապված է եղել հայ ժողովրդի պատմության ու ճակատագրի հետ։
Սուրենյանցը նկարել է մեր անցյալի ամենադրամատիկ ու հերոսական էջերը՝ «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ», «Ոտնահարված սրբություն» և այլ գործերում։ Նա ոչ միայն նկարիչ էր, այլ նաև թատերական ձևավորող, գրքի նկարազարդող, մտածող ու մշակութային գործիչ։ Նրա արվեստը պատմություն է՝ պատմված գույնով ու կերպարով։
Դե ինչ, այժմ առաջարկում ենք լսել մեր հարցազրույցը «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան մրցույթ-ցուցահանդեսի կազմակերպչական թիմի անդամ Ալլա Պողոսյանի հետ, որն էլ մեզ կպատմի այս մրցույթ-ցուցահանդեսի մասին։





