Զարթուցիչ

Այսօր Նութելայի համաշխարհային օրն է. Զարթուցիչ

Ո՞րն է ձեր նախընտրած նախաճաշն առավոտյան, երբ շատ ժամանակ չունեք ուտելու վրա ծախսելու համար, բայց ուտել պետք է․․․Հացի մի շերտիկ՝ վրան նութելա քսած․․․

Դե, գուցե սննդաբաններն ու բժիշկները շատ չխրախուսեն այս ընտրությունը, բայց նութելայով հացի շերտիկն, այո՛, շատերիս նախընտրած նախաճաշն է․․․

Փետրվարի 5–ը նութելայի համաշխարհային օրն է։ Օրը նշվում է 2007 թվականից սկսած՝ բլոգեր Սառա Ռոսոյի նախաձեռնությամբ։ Սա այն առաջարկություններից էր, որոնք անմիջապես ընդունվում են խանդավառությամբ։

Պնդուկի խյուսով այս համեղ մածուկի պատմությունն սկսվում է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իտալական Ալբա քաղաքից։ 1946 թվականին հրուշակագործ և հացաբուլկեղենի թխման արտադրությամբ զբաղվող Պիետրո Ֆերերոն սկսեց արտադրել փափուկ շոկոլադե սալիկներ։ Ինչու՞ փափուկ։ Բանն այն է, որ հետպատերազմյան առաջին տարիներին կակաոյի ներմուծումը Իտալիա սահմանափակված էր, և սովորականի պես շոկոլադ արտադրելու դեպքում արտադրանքի քանակը նվազելու էր: Ահա թե ինչու հնարագետ հրուշակագործը որոշեց արտադրանքի ծավալն ապահովելու համար իր արտադրած շոկոլադի մեջ կակաոյի յուղից բացի նոր բաղադրիչ օգտագործել։ Դա բոված, մանրացրած, խյուս դարձրած պնդուկն էր, որն առատորեն աճում էր շրջակայքում։ 

Պնդուկի խյուսը խառնվում էր կակաոյի յուղին, ավելանում էր շաքարավազը և դառնում էր փափուկ շոկոլադ, որը շատ սիրում էին երեխաները և որը հրուշակագործն անավանեց «Ջանդուջա»՝ դիմակահանդեսների սիրված մի կերպարի անունով։

Այս փափուկ շոկոլադի համբավը տարածվեց, և քաղաքապետարանը մի առիթով մեծ խմբաքանակ պատվիրեց Ֆերերոյին։ Պատվերը պատրաստվեց մեկ գիշերվա ընթացքում ողջ ընտանիքի ջանքերով, կարելի էր հանգիստ շունչ քաշել, բայց․․․ Երբ ընտանիքն առավոտյան արթնացավ, պարզվեց, որ փափուկ շոկոլադը շոգից հալվել է։  Մեծ հաջողությունից մինչև մեծ ձախողում մեկ քայլ է։ Սա հասկացավ հրուշակագործը, բայց չվհատվեց։ Միշտ կարելի է ելք գտնել, եթե հնարամիտ ես։

Եվ Ֆերերոն գտավ ելքը։ Սեփական փռում թխված հացերն արագ–արագ շերտատվեցին, հալված մածուկը քսվեց հացերին, և նախատեսված միջոցառման ընթացքում շոկոլադե մածուկով հացիկներն սկսեցին բաժանել հավաքվածներին։

Հրուշակագործի հնարագիտությունը փայլուն արդյունք տվեց․ պնդուկի խյուսով շոկոլադի մածուկը դարձավ սիրելի և պահանջված։ Սա սկիզբն էր, իսկ թե ինչպես մածուկը դարձավ «Նութելա», կարող եք պարզել ինքներդ, եթե հետաքրքրում է։

Այս պատմության մեջ մեզ կարևոր թվաց հնարագիտությամբ անհաջողությունը հաղթելու վճռականությունը, իսկ նութելայով նախաճաշը․․․դե, հա, համեղ է, բայց շաքարավազի և այլ հավելումների առատության պատճառով բժիշկները խորհուրդ չեն տալիս այն չարաշահել ։ Մեկ–մեկ՝ կարելի է, ամեն օր՝ չէ․․․

Եթե ֆուտբոլասեր եք, և հայտնի «Մեսսի, թե Ռոնալդու» բանավեճը ձեզ համար մեկ պատասխանով է լուծվում՝ իհարկե, Ռոնալդու, ուրեմն այսօր կարող եք հեռակա շնորհավորել ձեր սիրելի ֆուտբոլիստին․ փետրվարի 5–ը Կրիշտիանու Ռոնալդուի ծննդյան օրն է։

Բայց շատ մարտական մի՛ տրամադրվեք այդպիսի բանավեճերում, որովհետև ձեր սիրելի ֆուտբոլիստն այդ բանավեճի մասին ահա թե ինչ է ասել․ «Այո, մենք ընկերներ չենք, բայց մենք ֆուտբոլային բեմը կիսել ենք 15 տարի, և միշտ էլ լավ հարաբերություն ենք ունեցել։ Նա պաշտպանում էր իր ակումբն ու հավաքականը, ես՝ իմ։ Մեսսին ինձ էր ստիպում դառնալ ավելի լավը՝ որպես խաղացող, ես՝ իրեն։ Նա լավագույն ֆուտբոլիստն է, որի դեմ ինձ վիճակվել է խաղալ»։

Ցուցադրել ավելի
Back to top button