
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արևիկ» գրատունը 2026 թվականին իրականացնում է մանկապատանեկան կրթամշակութային ծրագիր՝ «Արևիկից Արևներին» խորագրով:
Ծրագիրը մեկնարկել է Գրքի տոնի շրջանակում՝ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի նորակառույց Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցում: Այն կառուցվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում և շահագործման է հանձնվել այս ուսումնական տարում:
Երեխաներին ներկայացվել են մանկագիր Շողեր Պետրոսյանի «Ամպիկը, որը չէր կարողանում անձրևել» գիրքը և դրա հիման վրա պատրաստված ինտերակտիվ ներկայացումը: Երեխաները մեծ ակտիվությամբ են մասնակցել միջոցառմանը, հետաքրքրությամբ դիտել ներկայացումը, պատասխանել ստեղծագործությանն առնչվող հարցերին և հարցեր ուղղել միջոցառման կազմակերպիչներին:
Միջոցառման շրջանակում «Արևիկ» հրատարակչությունը գրքեր է նվիրել Սասունիկի դպրոցի գրադարանին։ «Արևիկից Արևներին» մանկապատանեկան կրթամշակութային ծրագիրը կշարունակվի այլ մարզերի և մայրաքաղաքի դպրոցներում։





