Զարթուցիչ

Մարտի 10-ը՝ խաղասերների և առողջ սննդի օր 

Հիշո՞ւմ եք Մարիոյի հայտնի խաղը, եթե՝ այո, ուրեմն իմացեք նաև, որ  մարտի 10-ը, թվային խաղերի սիրահարների շրջանում հայտնի է որպես Մարիոյի օր։ Ի դեպ, օրը նվիրված է նաև սննդաբաններին և դիետոլոգներին՝ այն մասնագետներին, որոնք աշխատում են մեր երկարաժամկետ առողջության համար։

Իսկ հիմա մի պահ տեղափոխվենք խաղերի աշխարհ  կամ պարզապես վերցնենք խաղային վահանակները։ Գիտե՞ք՝ ինչու է հենց այսօր՝ մարտի 10-ը, համարվում աշխարհի ամենահայտնի սանտեխնիկի՝ Մարիոյի օրը։ Ամեն ինչ շատ պարզ է . եթե անգլերենով մարտի 10-ը կրճատ գրենք՝ Mar 10, ապա վիզուալ  ստացվում է հենց MARIO անունը։ Այնպես որ, այսօր ամբողջ աշխարհում «Մարիոյի օրն» է։

Մարիոն խաղային պատմության հայտնի կերպարներից է։ Այն ստեղծվել է Nintendo ընկերության կողմից։ Մարիոն խաղային մշակույթի խորհրդանիշ է արդեն տասնամյակներ։ Նա  ունի պարզ կերպար՝ անչափ պարզ նպատակով․ առաջ գնալ, հաղթահարել խոչընդոտները, հավաքել միավորներ։ Պատկերացրեք՝ այս կերպարն արդեն բոլորել է 40-ը , բայց մինչև հիմա շարունակում է  սիրելի լինել շատերի համար։ Ի դեպ, սկզբում նրան ուզում էին անվանել «Jumpman»՝ «Թռչող մարդ», բայց լավ է, որ այդպես չեղավ,  չէ՞։ 

Հետաքրքիր է, որ խաղի տրամաբանությունը շատ նման է առօրյա կյանքի տրամաբանությանը․ դու չես անցնում ամբողջ խաղը մեկ ցատկով։ Դու փուլերը հաղթահարում ու անցնում ես առաջ՝ մակարդակ առ մակարդակ։ Այսինքն՝ սխալվում ես, վերադառնում ես, փորձում ես նորից։ Դե ինչ, շնորհավոր Mar10-ը։ Սա ոչ միայն խաղի, այլև բոլոր նրանց տոնն է, ովքեր գոնե մեկ անգամ իրենց կյանքում փորձել են փրկել արքայադստերը։

Ինչպես ասացինք հաղորդման սկզբում, օրացույցն այսօր երկու հետաքրքիր իրադարձություն է առանձնացնում։ Այսօր նաև սննդաբանների ու դիետոլոգների մասնագիտական օրն է։ Ժամանակակից աշխարհում սնունդը դարձել է իսկական հակասությունների դաշտ։ Դե, ծանոթ բառեր են, չէ՞․․․ դիետաներ, արգելքներ, «ֆասթ ֆուդ», սննդային վարքը վերահսկող խորհուրդներ՝ ինքնակոչ մասնագետներից։ Իսկ իրական մասնագետի դերն այստեղ շատ պարզ է՝ օգնել մարդուն հասկանալ, թե ինչ է իրեն իրականում պետք։ Սնունդը միայն կալորիա չէ։ Այն էներգիա է, ռեժիմ, հորմոնալ հավասարակշռություն ու աշխատունակություն։

Այսինքն՝ սննդաբանն աշխատում է մարդու կենսակերպի ու առողջական վիճակի հետ, երբեմն գործին միանում են նույնիսկ սննդային վարքի հոգեբանները։ Ստացվում է մի հետաքրքիր պատկեր. եթե սննդաբանն աշխատում է մեր ափսեի հետ, ապա սննդային վարքի հոգեբանն աշխատում է մեր մտքերի հետ։ Չէ՞ որ շատ դեպքերում խնդիրը ոչ թե այն է, թե ինչ ենք ուտում, այլ այն, թե ինչո՞ւ ենք ուտում։

Այսօր, երբ խոսում ենք սննդաբանների մասին, կարևոր է հիշել նաև սննդային վարքի մասնագետներին, որովհետև սնունդը միայն կենսաբանություն չէ։ Այն հույզ է, հիշողություն, իսկ երբեմն՝ պաշտպանական մեխանիզմ։ Երբ մասնագետները համագործակցում են, արդյունքը շատ ավելի կայուն է լինում. մեկը կարգավորում է սննդակարգը, մյուսն օգնում է հասկանալ՝ ինչու ենք մենք այդ սննդակարգից շեղվում։

Հիմա ժամանակն է պարզելու՝ ի՞նչ է սննդային կարգապահությունը, ի՞նչ մթերք ենք նախընտրում և ամենակարևորը՝ ինչո՞ւ։ Թեմայի շուրջ  կզրուցենք սննդային վարքի խանգարման մասնագետ, հոգեբան Լիլիթ Վարդանյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button