Զարթուցիչ

Երեք տոն՝ մեկ օրում. Զարթուցիչ

Երբ մենք քնած ենք, մեր ուղեղն իրականում շատ ակտիվ է աշխատում։ Այդ ընթացքում այն դասավորում է հիշողությունները, «մաքրում» ավելորդ ինֆորմացիան և ստեղծում երազներ։ Այսինքն՝ գիշերը մարմնի հանգստի, իսկ ուղեղի համար՝ գիշերային աշխատանքի ժամն է։

Մարտի երրորդ երեքշաբթին  ամբողջ աշխարհում նշվում է որպես Սոցիալական աշխատանքի համաշխարհային օր։ Սա առիթ է հիշելու այն մարդկանց, ովքեր ամեն օր աշխատում են հասարակության ամենախոցելի խմբերի հետ՝ երեխաների, տարեցների, դժվար իրավիճակում հայտնված ընտանիքների։ Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրը ստեղծվել է սոցիալական աշխատողների միջազգային մասնագիտական կառույցների նախաձեռնությամբ՝ ուշադրություն հրավիրելու այս ոլորտի կարևորությանը։ Տոնը սահմանվել է 2007 թվականին՝ International Federation of Social Workers-ի և International Association of Schools of Social Work-ի նախաձեռնությամբ։

Սոցիալական աշխատողները, գուցե, հաճախ մնում են կադրից դուրս, բայց նրանց աշխատանքն իրականում մեծ ազդեցություն ունի մարդկանց կյանքի վրա․ նրանք օգնում են խնդիրներ լուծել, գտնել աջակցություն և երբեմն պարզապես լինել այն մարդը, ով լսում ու հասկանում է ։ Այս օրը հիշեցնում է, որ սոցիալական աշխատանքը միայն մասնագիտություն չէ, այլ նաև՝ պատմություն վստահության ու մարդկային վերաբերմունքի մասին։

Մարտի 17-ը նշվում է նաև որպես Բժիշկ-հիվանդ վստահության օր։ Բժշկության մեջ վստահությունը շատ կարևոր դեր ունի․ երբ մարդը դիմում է բժշկի օգնությանը, նա ոչ միայն բուժում է փնտրում, այլ նաև՝ վստահում է իր առողջությունն ու երբեմն նույնիսկ իր մտահոգությունները։ Իսկ բժշկի համար կարևոր է ոչ միայն ճիշտ ախտորոշումը, այլև՝ հիվանդին լսելը, բացատրելը և աջակցելը։ Այս օրը հիշեցնում է, որ բժշկությունն արդյունավետ է այն ժամանակ, երբ մասնագիտական գիտելիքը և մարդկային վստահությունն աշխատում են միասին։

Եվ վերջում՝ հերթը ոչ պաշտոնական, բայց հաճելի տոներից մեկինն է. Մարտի 17-ը նաև Ուրախ լինելու օրն է։ Սա պարզապես հիշեցում է, որ երբեմն կարելի է մի փոքր դադար տալ առօրյա անհանգստություններին ու լարվածությանը և ուշադրություն դարձնել այն բաներին, որոնք մեզ լավ տրամադրություն են փոխանցում։ Օրինակ՝ մի լավ երգ, հանդիպում ընկերների հետ, զբոսանք, սիրելի խաղ կամ հոբբի, մարզումներ կամ փոքր հաջողություն ուսման մեջ։ Իհարկե, այս օրը չի փոխում աշխարհը, բայց հիշեցնում է, որ լավ տրամադրությունը հաճախ սկսվում է շատ փոքր քայլերից։

Այսքանը մարտի 17-ի օրացույցում տեղ գտած տոների մասին։ Հիմա եկեք լսենք Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի լաբորանտ Գրիգոր Փաշայանին։

Ցուցադրել ավելի
Back to top button