Գիտե՞ս, որ եթե դու աջլիկ ես և սկսում ես որոշ պարզ գործողություններ անել ձախ ձեռքով (օրինակ՝ ատամ լվանալ, գրել, հեռախոսից օգտվել), դու իրականում ակտիվացնում ես ուղեղիդ նոր հատվածները։ Մի պարզ փորձ ենք առաջարկում. այսօր առավոտյան կամ երեկոյան ձեր ատամները լվացեք հակառակ ձեռքով։ Սկզբում դա անհարմար է թվում, բայց հենց այդ անհարմարությունն է, որ ստիպում է ուղեղին «արթնանալ»։
Այսպիսի փոքր վարժությունները կարող են՝ բարելավել հիշողությունը, բարձրացնել ստեղծագործական մտածողությունը, օգնել կենտրոնանալ, նույնիսկ, որոշ հետազոտությունների համաձայն, դանդաղեցնել ուղեղի ծերացումը:
Այսօր խոսելու ենք մի փոքրիկ, բայց շատ համեղ ու հետաքրքիր տոնի մասին։ Մարտի 24-ը Շոկոլադապատ չամիչի օրն է, իսկ դա հենց այն քաղցրավենիքն է, որը հիշում ենք հենց մանկությունից և մինչև այսօր շատերիս սիրելին է: Այսօր կփորձենք հասկանալ՝ ինչո՞ւ են նման «փոքր» ուրախությունները երբեմն մեծ դեր խաղում մեր տրամադրության, հիշողությունների և նույնիսկ մշակույթի մեջ։
Այս փոքրիկ քաղցրավենիքն ունի մեծ պատմություն: Սկսենք ամենապարզ հարցից՝ ի՞նչ է շոկոլադապատ չամիչը։ Չամիչը ունի հազարավոր տարիների պատմություն։ Այն ստացվում է խաղողը չորացնելու միջոցով և դեռ հին ժամանակներից օգտագործվել է՝ որպես էներգիայի աղբյուր։ Իսկ շոկոլադը, ինչպես գիտենք, նույնպես ունի հարուստ պատմություն՝ սկսած հին քաղաքակրթություններից մինչև ժամանակակից դեսերտների աշխարհ։ Եվ այս երկու բաղադրիչների միավորումից էլ ստացվեց միաժամանակ բնական և քաղցր, թեթև ու հաճելի աղանդեր։ Սա հենց այն համադրությունն է, որը շատերին է գրավում։
Իսկ, ի՞նչ եք կարծում… ի՞նչ կապ կա կինոյի և քաղցրավենիքի միջև։ Շոկոլադապատ չամիչը հատկապես հայտնի դարձավ այն ժամանակ, երբ այն սկսեցին վաճառել կինոթատրոններում։ Պատկերացրեք՝ մութ դահլիճ, մեծ էկրան, ֆիլմի լարված պահեր… և ձեռքում՝ մի փոքրիկ քաղցրավենիքի տուփ․․․ մեթոդը շատ լավ աշխատեց: Այս համադրությունը դարձավ մի ամբողջ մշակույթ։ Մարդիկ սկսեցին ոչ միայն ֆիլմ դիտել, այլ նաև՝ այդ պահի համար ստեղծվեց փոքրիկ «արարողություն». ուտել ինչ-որ համեղ բան։
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու ենք մենք ընդհանրապես այդքան շատ սիրում քաղցրավենիք: Գիտական տեսանկյունից՝ քաղցրը ազդում է մեր ուղեղի վրա՝ ակտիվացնելով հաճույքի կենտրոնները։ Երբ մենք ուտում ենք շոկոլադ կամ այլ քաղցրավենիք, մեր օրգանիզմը արտադրում է «ուրախության հորմոններ», որոնք մեզ դարձնում են ավելի հանգիստ և տալիս՝ լավ տրամադրություն։
Բայց այստեղ կա նաև հոգեբանական կողմ։ Քաղցրավենիքները հաճախ կապված են պարգևի հետ։ Մանկության տարիներին մեզ կարող էին քաղցրավենիք տալ լավ պահվածքի համար, տոների ժամանակ կամ պարզապես ուրախ պահերին։ Այդ կապը պահպանվում է նաև, երբ մեծանում ես։
Գիտե՞ք՝ մենք՝ ինքներս էլ տանը կարող ենք պատրաստել շոկոլադապատ չամիչ: Սա շատ պարզ է: Կարող ենք ընտրել տարբեր տեսակի շոկոլադ, ավելացնել ընկույզ, փորձել տարբեր համադրություններ և, իհարկե, չենք մոռանում չամիչը։ Իսկ, եթե սա անում ենք ընտանիքի կամ ընկերների հետ, ապա՝ այն վերածվում է զվարճալի ժամանցի։
Շոկոլադապատ չամիչներ, մի բաժակ թեյ, լավ երաժշտություն կամ սիրելի ֆիլմ: Այս ամենը միասին ստեղծում են մեր տրամադրությունը, մեր հիշողությունները և մեր կյանքի որակը։ Շոկոլադապատ չամիչի օրը հիշեցնում է, որ պետք չէ անտեսել փոքրիկ հաճույքները։





