Մոտ կես դար ընդմիջումից հետո մարդկությունը կատարեց աներևակայելի քայլ տիեզերքի նվաճման ճանապարհին․ ապրիլի 1–ին NASA-ն հաջողությամբ իրականացրեց «Արտեմիս-2» մարդատար լուսնային առաքելության մեկնարկը, և ամերիկյան «Օրիոն» տիեզերանավը չորս տիեզերագնացով ուղևորվեց դեպի Լուսին։
«Արտեմիս 2» առաքելությունը վերջին 54 տարվա մեջ առաջին անձնակազմով թռիչքն է Լուսնի շուրջ: Չորս տիեզերագնացները սահմանել են Երկրից հեռավորության ռեկորդ՝ 406,778 կմ:
Այս տեղեկությունը գուցե բոլորին չհետաքրքրի, բայց եթե երբևէ մանկական երազանքներիդ մեջ եղել է՝ «երանի՜ տիեզերք թռչեի» երազանքը, չենք կարծում, որ անտարբեր մնայիք այս նորության նկատմամբ։ Ի դեպ, ձեր մանկական երազանքների մեջ եղե՞լ է սա։
«Օրիոն» տիեզերանավը մոտեցել է լուսնին հնարավոր նվազագույն հեռավորության վրա՝ մոտ 6000 կմ, և անձնակազմի անդամները տիեզերանավի լուսանցույցներից կարողացել են տեսնել լուսնի հակառակ կողմը, այն, ինչը երկրից տեսնել հնարավոր չէ, կարողացել են նկարահանել, լուսանկարել, նաև ձայնագրել են իրենց տեսածի մասին տեղեկատվությունը՝ այսպիսով անգնահատելի նյութ ի մի բերելով Երկրից ամեն գիշեր մեզ հիացնող գեղեցկուհու մասին։
Կուզեի՞ք լինել այնտեղ՝ Երկիր մոլորակից 406778 կմ հեռավորության վրա….
Ի դեպ, անձնակազմի անդամներից մեկը՝ Ջերեմի Հանսենը, ասել է, որ այո՛, սա ռեկորդ է, բայց նաև՝ մարտահրավեր թե՛ մեր և թե՛ հաջորդ սերնդին։ «Մենք ուզում ենք, որ այս ռեկորդը երկար կյանք չունենա»,–ասել է նա։ Այնպես որ՝ լուսնային առաքելությունները շարունակվելու են և ո՞վ իմանա, թե ով կլինի հաջորդ մարդը, որը կհասնի խորհրդավոր Լուսնին։
Իսկ «Օրիոնն» արդեն տունդարձի ճանապարհին է և վաղը ՝ ապրիլի 10–ին, անձնակազմը կվերադառնա Երկիր։





