Զարթուցիչ

Այսօր Ձայնի համաշխարհային օրն է. Զարթուցիչ

Ապրիլի 16–ը Ձայնի համաշխարհային օրն է։ Եթե ձեզ թվաց, որ խոսքը մարդու վոկալ ունակությունների մասին է, ասենք, որ սխալվեցիք․ խոսքն ընդհանրապես մարդկային ձայնի ֆենոմենի և մարդկանց կյանքում ձայնի ունեցած դերի մասին է։

Ավանդաբար այս օրվա առթիվ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ բժիշկների և հատկապես այն մասնագետների մասնակցությամբ, որոնք պատասխանատու են մարդու ձայնի առողջության համար։ Բայց օրն առանձին միջոցառումներով նշում են նաև այն մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց աշխատանքում ձայնն առանցքային դեր ունի՝ երգիչներ, դերասաններ, լրագրողներ և, իհարկե, հեռուստա և ռադիո հաղորդավարներ։

Իսկ ի՞նչ է ռադիոն․ նախևառաջ, իհարկե, ձայն, և հենց ձայնի օգնությամբ էլ ռադիոյի մարդիկ փոխանցում են ոչ թե պարզապես տեղեկություն կամ պատմություններ, այլ նաև հույզեր, տրամադրություն, ժպիտ ու թախիծ:

Ձայնը, իհարկե, մարդկային հաղորդակցության կարևոր միջոցներից է։ Բայց այն մարդը, որի ծննդյան օրն են նշում այսօր աշխարհի բոլոր իսկական կինոսիրողները, կարողացավ խոսել մարդկային սրտերի հետ և հուզել դրանք․․․առանց ձայնի․ ապրիլի 16–ը անգլիացի նշանավոր կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, համր կինոյի վարպետ Չարլի Չապլինի ծննդյան օրն է։

Դժվար է պատկերացնել, որ եղել է ժամանակ, երբ հույզերի, զգացմունքների, մտքերի արտահայտման համար խոսքը չի եղել ֆիլմում։ Մինչդեռ հենց այդպես՝ համր, առանց խոսքի է ծնվել կինոն, իսկ համր կինոյի մեծագույն վարպետներից մեկն էլ հենց Չարլի Չապլինն էր, որը շատ էր սիրում համր կինոն և կարողանում էր գլուխգործոցներ ստեղծել առանց ձայնի։

Վարպետի կենսագրությունն այսօր չենք ներկայացնի․ կարող եք փնտրել ու գտնել ինքներդ, բայց կա մի գիրք, որը խորհուրդ կտանք կարդալ անպայման․ Չապլինի «Իմ կենսագրությունը»։ Անհնար է չսիրել այս գիրքը և գրքի արդյունքում հենց իրեն՝ մեծ արվեստագետին։

«Եթե ցանկանում եք հասկանալ ինձ, դիտե՛ք իմ ֆիլմերը»,–ասում էր Չապլինը։ Մենք էլ ավելացնում ենք՝ նաև կարդացեք այս գիրքը:

Ցուցադրել ավելի
Back to top button