Ապրիլի 27-ի «Զարթուցիչի» թողարկումը գունավոր է ու տեղեկատվական, քանի որ այն նվիրված է Դիզայնի համաշխարհային օրվան։ Մենք փորձել ենք պարզել՝ ինչու է դիզայնը շատ ավելին, քան ուղղակի «սիրուն պատկերը», և ինչպես է այն ազդում մեր ամենօրյա ընտրությունների վրա։
Հաղորդման ընթացքում նաև հետադարձ հայացք ենք գցել 1963 թվականին, երբ Լոնդոնում հիմնադրվեց Գրաֆիկական դիզայնի միջազգային խորհուրդը։ Պարզվում է՝ այս օրը ստեղծվել է ոչ թե ուղղակի մասնագիտական տոն ունենալու, այլ աշխարհին ապացուցելու համար, որ դիզայնը հզոր սոցիալական գործիք է։ Այն կարող է կոտրել լեզվական պատնեշները և տեղեկատվությունը հասանելի դարձնել բոլորին՝ տեսողական լեզվի միջոցով։
Հաղորդման հյուրը՝ գրաֆիկական դիզայներ Սերյոժա Օհանջանյանը, կիսվել է մասնագիտական գաղտնիքներով և խորհուրդներ տվել այն պատանիներին, ովքեր ուզում են սովորել տեսողական հաղորդակցության լեզուն։





