
Ապրիլի 30-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։
Համերգը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։
Երաժշտական ծրագրի առանցքում Ժորժ Բիզեի երաժշտության հիման վրա Ռոդիոն Շչեդրինի հանրահայտ «Կարմեն սյուիտ» ստեղծագործությունն է. կհնչեն նաև Սարասատեի, Ֆորեի և Ռավելի գործերը։
Որպես մենակատար հանդես կգա Բելգիայում ստեղծագործող հայ ջութակահար Հրայր Կարապետյանը: Համերգը կղեկավարի Ֆրանսիայից հրավիրված դիրիժոր Ռալֆ Զիգետին։
Ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է մարտի 24-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Ֆրանկոֆոնիկ տաղարան» համերգով։





