Մայիսի 7–ն է այսօր․ ռադիոյի, կապի և ռադիոտեխնիկայի ոլորտի աշխատողների մասնագիտական տոնն է նշվում շատ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում։
Չնայած Հայկական ռադիոյի ձայնն առաջին անգամ եթերում հնչել է 1926 թվականի սեպտեմբերի 1–ին, և Հայաստանի ռադիոյի ծննդյան օրը հենց ա՛յդ օրն է, բայց տասնամյակներով ձևավորված ավանդույթի համաձայն մայիսի 7–ը, որպես ռադիոյի օր, նշում ենք նաև Հայաստանում։
Հաղորդման հենց սկզբում տոնական օրվա առթիվ սիրով շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին, մաղթում ենք անխափան և հետաքրքիր եթեր և սեփական գործին միշտ սիրահարված լինելու զգացում․․․Այս վերջինը շա՜տ կարևոր է․ ասում են մեր ավագ գործընկերները մեզ՝ Ռադիո Արևիկի պատանի լրագրողներիս, երբ նոր հաղորդում ենք պատրաստում։
Համառոտ՝ օրվա մասին․ ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։ Այդ նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռադիոհաղորդագրություն է ուղարկել ռուսական նավատորմից Կռոնշտադ։ 1945 թվականից սկսած մայիսի 7–ը խորհրդային երկրներում սկսեց նշվել որպես ռադիոյի օր։
Այսօր էլ, երբ համացանցն ու թվային տեխնոլոգիաների նորանոր ձեռքբերումները համարյա անսահմանափակ են դարձրել հեռավորության վրա մարդկանց հաղորդակցության հնարավորությունները, եթերում ռադիոկապով հաղորդակցությունը շարունակում է մնալ կապի կարևոր միջոցներից մեկը։ Չէ՞ որ այն տեղեկատվություն ստանալու ամենամատչելի և արագ միջոցն է, երբ ճանապարհին ես, ավտոմեքենայի մեջ, էքստրեմալ իրավիճակում։
Մեր սերնդին այսօր ակտիվ ռադիոլսող երևի չես անվանի, այնպիսի ռադիոլսող, ինչպիսին ասենք, մեր տատիկների ու պապիկների և մեր ծնողների սերունդն էր, բայց արի ու տես, որ ռադիոն և ռադիոյի աշխարհը շարունակում է շատ հետաքրքրել նաև մեզ։ Այդ մասին են վկայում Ռադիո Արևիկի հայտարարած «Արդեն 100 տարի՝ «Խոսում է Երևանը» դպրոցական թիմերի մեդիա-մրցույթի արձագանքները:
Ձայն, որը փոխեց պատմությունը, Աշխարհը մեկ ալիքի վրա, Լույս՝ խավարում, Իմ ընտանիքի Ռադիոհիշողությունը, Երաժշտություն՝ ալիքների վրա, Ռադիո, թե՞ ՏիկՏոկ․ սրանք մեր հայտարարած մրցույթին ներկայացվելիք նախագծերի վերնագրերն են։
«Իմ ընտանիքի ռադիոհիշողությունը» խորագիրը մրցույթի մասնակից թիմերից շատերին է հետաքրքրել, ևս մեկ ապացույց, որ ռադիոն մեր ընտանիքներում իր շատ կարևոր տեղն է ունեցել։ Այսօրվա մեր հյուրերն էլ այս վերնագիրն են ընտրել իրենց նախագծի համար։
Մեր հյուրերը Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի թիմի ներկայացուցիչներ, պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Մերի Սարդարյանը և 11–րդցի Նունե Մարտիրոսյանն են։ Թիմի մյուս երկու անդամները՝ Մանե Մովսեսյանը և Գրիգոր Ավետիսյանը, չկարողացան ներկայանալ զրույցին։





